Մատչելիության հղումներ

Ալիև․ Բաքուն երբեք չի համակերպվի իր տարածքների օկուպացիայի հետ


Պաշտոնական Բաքուն կրկին պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, և որ կձեռնարկի հնարավոր ջանքերը երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:

Այս մասին երեկ ուշ երեկոյան հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Real TV-ի հետ զրույցում:

«Այսօր Ադրբեջանը առավելություն ունի թե՛ բանակցային սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում: Միջազգային հեղինակավոր կառույցներից շատերը մեր դիրքորոշումն են պաշտպանում», - նշել է Ադրբեջանի ղեկավարը՝ հավելելով, թե «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է», և Բաքուն երբեք չի համակերպվի «իր տարածքների օկուպացիայի» հետ:

Ալիևը հերթական անգամ համոզմունք է հայտնել, որ աշխարհում ուժի գործոնը դառնում է գերիշխող, «ուժն է ծնում իրավունք»․ - «Մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր ջանքերը մեր երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»:

Որոշ պնդումների համաձայն, վերջին 14 տարվա ընթացքում տեղական լրատվամիջոցին տված իր առաջին այս հարցազրույցում Իլհամ Ալիեւը նաև անդրադարձել է Հայաստանի նոր իշխանությունների հայտարարություններին, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային գործընթաց: Ադրբեջանի առաջնորդը ասել է․ - «Հայկական կողմի այդ դիրքորոշումը աջակցություն չի ստացել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»:

«Այսօր հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որոնք արդեն մի քանի հանդիպում են ունեցել», - հիշեցրել է Ադրբեջանի նախագահը, ով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո միջազգային տարբեր միջոցառումների շրջանակներում մի քանի անգամ շփում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Վերջին հանդիպումը անցած ամիս Դավոսում էր, այն տևել է մեկուկես ժամ: Հայկական կողմի փոխանցմամբ՝ այդ քննարկումները ծավալվել են ավելի շատ բանակցային գործընթացի պատմության շուրջ :

«Երբ, ինչ, ինչպես տեղի ունեցավ, որ փուլում ինչ իրավիճակ էր», - Ալիևի հետ հանդիպումից հետո պարզաբանել էր Հայաստանի վարչապետը:

Փաշինյանը, ի դեպ, երեկ կրկին անդրադառնալով ղարաբաղյան բանակցային գործընթացում Արցախի լիարժեք ներգրավման անհրաժեշտությանը՝ վստահեցրել էր, որ դրա համար տեսնում է «շատ կոնկրետ ձևեր և մեթոդներ»:

Բաքուն, որը շաբաթներ առաջ խոսում էր ղարաբաղյան գործընթացում մեծ տեղաշարժերի հույսերի մասին, կոշտ է արձագանքում Հայաստանի ղեկավարի հայտարարություններին: Ադրբեջանի արտգործնախարարությունը ի պատասխան կոչ է անում չսրել իրավիճակը և նախադրյալներ ստեղծել խաղաղ գործընթացի համար:

«Մի կողմից Փաշինյանը հայտարարում է խաղաղ պայմաններ ստեղծելու կարևորության մասին, մյուս կողմից՝ փորձում է փոխել բանակցային ձևաչափը, փորձում է մեղադրել Ադրբեջանին «ագրեսիվ հռետորաբանության մեջ», իբրև թե Բաքուն իր բնակչությանը նախապատրաստում է պատերազմի, ոչ թե խաղաղության», - այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից արձագանքել են նաև տնտեսական հեղափոխության մասին Փաշինյանի՝ հայտարարություններին՝ պնդելով, որ Հայաստանում որևէ տնտեսական առաջընթաց չի կարող լինել, քանի դեռ հակամարտությւոնը մնում է չկարգավորված:

«Ադրբեջանը միշտ հայտարարել է, որ հակամարտության կարգավորումը կծառայի տարածաշրջանային համագործակցությանն ու բարգավաճմանը, և դրանից առաջին հերթին օգուտներ կքաղի Հայաստանը», - հայտարարել է Ալիևի աշխատակազմի արտաքին հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG