Մատչելիության հղումներ

Կառավարությունն անելու է այնպես, որ գործարարները հնարավորինս շատ ներդրումներ անեն Հայաստանում. Գևորգյան


Կառավարությունն ընդամենը պարտավոր է ու անելու է այնպես, որ գործարարները հնարավորինս շատ ներդրումներ անեն Հայաստանում, «Ազատության» «Քաղաքականությունը ներսից» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ ընդգծելով՝ բայց պետությունը չի կարող հստակ թիվ նշել, թե գործարարն ինչքան ներդրում կանի Հայաստանում։

«Կառավարությունը կարող է հստակ թիվ նշել միայն իր ներդրումների մասին՝ ջրամբարներ, ինֆրաստրուկտուրաներ են և այլն։ Էդ բոլոր ծախսերը մինչև վերջին լումայի ճշտությամբ կներկայացվեն միջնաժամկետ ծախսային ծրագրերով, և այնտեղ որևէ բան չկա, բայց կառավարությունն ինչպե՞ս կարող է հայտարարել, որ իքս գործարարը հաջորդ տարի Հայաստանի տնտեսության մեջ կդնի 61.2 միլիոն դոլար, ինչպե՞ս կարող է դա անել։ Եթե կառավարությունը նման հայտարարություն անի, կարելի՞ է լուրջ վերաբերվել այդ կառավարությանը։ Կառավարությունն ընդամենը պարտավոր է ու անելու է այնպես, որ էդ մարդը հնարավորինս շատ ներդրում անի Հայաստանում», - ասաց Գևորգյանը։

«Ավելի ագրեսիվ տնտեսական քաղաքականությունը կբերի տնտեսական հեղափոխության»

​«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հակադարձեց՝ նշելով՝ ավելի ագրեսիվ տնտեսական քաղաքականությանը կբերի տնտեսական հեղափոխության։

«Պարոն Գևորգյանը, որ նշում է այն ծրագրի շրջանակներում, որը ներկայացված է, հենց այդ փիլիսոփայությունն ունի, որ՝ «մենք պայման ենք ստեղծել, արդեն ինչքան կներդնեն, մենք չգիտենք»։ Բայց մենք ինչի՞ ենք ասում ավելի ագրեսիվ տնտեսական քաղաքականություն, որ բերի տնտեսական հեղափոխության, որովհետև մենք կարող ենք ծրագրեր առաջարկել և տարբեր հարթակներում աշխարհի այդ ծրագրերի ինվեստիցիա կազմակերպել: Օրինակ, պայմանական ասած, շատ կարևոր ինստիտուտ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայտարարեց, որ 8 միլիարդ դոլարի ներդրումներ հնարավոր է Հայաստանի էներգետիկ ոլորտում, սա ի՞նչ է նշանակում, որ դա պատահական թիվ չի կարող հնչել, այսինքն՝ եթե հնարավոր է, նշանակում է՝ կա այդ պոտենցիալը, եթե կա այդ պոտենցիալը, մենք պետք է հաշվարկենք, ներկայացնենք տարբեր հարթակներում մեր բիզնես պրոյեկտները, կառավարությունը պատվիրի, որ համապատասխան կառույցները ներկայացնեն միջազգային հարթակներում մեր ներդրումային գրավչությունը, այսինքն՝ մենք ցույց տանք, որ եթե դու 500 միլիոն դոլար կամ մեկ միլիարդ դոլար ներդնում ես, գումարներիդ վերադարձելիություն, պայմանական ասած, ունենում ես երկու տարի հետո, որից հետո ամեն տարի 10 տոկոս շահութաբերություն ես ունենում: Այս դեպքում բոլոր հայտնի հարթակներում սկսելու են միջազգային լուրջ ինվեստիցիոն հիմնադրամների մրցակցային և ներդրումային հնարավորություններն արտահայտվել», - ասաց Բագրատյանը։

Գևորգյանի հարցին, թե առաջարկում է, որ կառավարությունը նստի և բիզնես պլան գրի և շահութաբերությո՞ւն հաշվի, Բագրատյանը պատասխանեց. - «Կառավարությունը պատվիրի ծրագրեր, դրանք շատ խիստ տարբեր բաներ են։ Այդ ծրագիրը գրելու են համապատասխան կառույցները, իրենք ցույց են տալու այդ շահութաբերությունը և ներդրումային գրավչությունը, դա դրվում է հարթակներում, նույն Սինգապուրում, նույն Չինաստանում համապատասխան հարթակներ կան, որտեղ ծրագրերի ներդրումային գրավչության խնդիր է դրված։ Այսինքն՝ այն երկրները, որտեղ կա նման ներդրումներ ներգրավելու ցանկություն, իրենք ներկայացնում են այդ ծրագրերը»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG