Մատչելիության հղումներ

Հայաստանից ԱՄՆ-ին արտահանձնված թուրք լոբբիստ Օքսուզը ընդունել է իր մեղքը


Թուրք լոբբիստ գործիչ Քեմալ Օքսուզ, արխիվ

Անցյալ տարի Երևանում ձերբակալված թուրք լոբբիստական գործիչ Քեմալ Օքսուզը Ամերիկայում դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման և տուգանվել 20 հազար դոլարով լոբբիստական գործունեությունը կարգավորող ամերիկյան օրենսդրության մի շարք դրույթներ խախտելու, կեղծ տեղեկություններ տալու համար։

Օքսուզը ընդունել է իր մեղքը։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 11-ին կայացած դատական նիստում նա ասել է. - «Ես ամոթ եմ զգում և ծանր ապրումների մեջ եմ։ Իմ անօրինական վարքագծի ողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Ներողություն եմ խնդրում»։

Քեմալ Օքսուզին ամերիկյան իշխանությունները մեղադրել էին 2013 թվականին մի խումբ կոնգրեսականների Բաքու կատարած այցելության օրինախախտումները թաքցնելու մեջ։ Նա առնչություն է ունեցել այդ այցին․ կազմակերպչական աշխատանքները կատարել էր Հյուսթոնում գրանցված, նրա գլխավորած լոբբիստական կազմակերպությունը՝ «Ամերիկայի և Եվրասիայի թուրքական խորհուրդ» կոչվող հասարակական կազմակերպությունը։

Ըստ մեղադրող կողմի, Օքսուզը դիտավորյալ թաքցրել է փաստերը։ Մանավորապես, նրա կազմակերպությունը ադրբեջանական պետական «Սոքար» ընկերությունից 2 միլիոն 200 հազար դոլար էր ստացել տարբեր նահանգներից 10 կոնգրեսականների այցը Բաքու կազմակերպելու համար, բայց թաքցրել էր ֆինանսավորման աղբյուրը։ Նրա ներկայացրած փաստաթղթերի համաձայն, կոնգրեսականների այցը կազմակերպելու համար նա արտերկրից որևէ ֆինանսավորում չի ստացել։

Կոնգրեսականների այցի շուրջ աղմուկը պայթեց 2015-ին, երբ «Վաշինգտոն փոստը» գրել էր, որ նրանց այցը Բաքու կատարվել է ֆինանսական կասկածելի միջոցների հաշվին։ Բաքվում կոնգրեսականները նաև թանկարժեք նվերներ, գորգեր էին ստացել։ Երբ Կոնգրեսի էթիկայի հանձնաժողովը սկսեց զբաղվել այդ հարցով, Քեմալ Օքսուզը արդեն Ամերիկայում չէր, նա թաքնվել էր Հայաստանում։

Մոտավորապես 1,5 տարի առաջ նա Երևանում ձեռնարկատիրական ընկերություն էր հիմնել և ապրում էր Երևանում։ Թավշյա հեղափոխությունից հետո՝ անցած տարվա օգոստոսին նա ձեռբակալվեց, իսկ երեք ամիս անց Հայաստանի իշխանությունները նրան արտահանձնեցին ԱՄՆ իրավապահներին։

Թուրքիան ևս պահանջել էր իրենց հանձնել Օքսուզին՝ կասկածելով, որ նա գյուլենական է, բայց պաշտոնական Երևանը Անկարայի դիմումը անպատասխան թողեց։ Ըստ Հայաստանի գլխավոր դատախազության, այն ստացվել էր, երբ թուրք լոբբիստական գործիչին ԱՄՆ-ին արտահանձնելու որոշումն արդեն կայացված էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG