Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների 52 տոկոսը վստահ են՝ իշխանությունները խաբում են իրենց. «Լևադա»


Ռուսաստան - Տեսարան մայրաքաղաք Մոսկվայից, արխիվ
Ռուսաստան - Տեսարան մայրաքաղաք Մոսկվայից, արխիվ

Ռուսաստանցիների կեսից ավելին վստահ են՝ իշխանությունները խաբում են իրենց և ճշմարտացի չեն ներկայացնում երկրում տիրող իրավիճակը: Համենայնդեպս, դա է փաստում «Լևադա» կենտրոնի վերջին հարցումը:

«Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաները մշտապես ճիշտն են ասում, երբ նկարագրում են իրավիճակը տնտեսության, առողջապահության, կենսաթոշակների, հանցագործության դեմ պայքարի ու այլ կարևոր ոլորտներում», - հարցին ռուսաստանցիների 52 տոկոսը պատասխանել է՝ ո՛չ:

Սա իշխանության հանդեպ ռուսաստանցիների անվստահության ամենաբարձր ցուցանիշն է՝ 2010 թվականից ի վեր: Ընդ որում, մինչ կեսից ավելին չի հավատում իշխանություններին, 33 տոկոսն էլ կարծում է, որ պաշտոնյաները երբեմն են ճիշտն ասում, երբեմն էլ՝ ստում են, և միայն 12 տոկոսն է անվերապահ վստահում իշխանության հայտարարություններին:

Նույն հարցումը փաստում է, որ ընդամենը մեկ տարի առաջ պաշտոնյաներին հավատացող ռուսաստանցիների թիվը մոտ երկու անգամ ավելի շատ էր: Ընդ որում, իրենց հարևան-բարեկամների հարցում ռուսաստանցիներն այդքան կասկածամիտ չեն, ըստ ուսումնասիրության, իր շրջապատի ճշմարտախոսությանը հավատում է հարցվածների 37 տոկոսը, ինչը մոտ երեք անգամ գերազանցում է պաշտոնյաների հանդեպ վստահության մակարդակը:

«Սա ցույց է տալիս վաղուց արմատացած միտումը՝ մարդկանց կարծիքով, իրենք հետևում են օրենքներին, իսկ պետությունն ու պաշտոնյաները՝ ոչ», - պարզաբանում է «Լևադա» կենտրոնի տնօրեն Լև Գուդկովը՝ հավելելով. - «Ոմանք հաշտվում են այս իրավիճակի հետ, ոմանք էլ կարծում են, որ այս պայմաններին դիմանալու համար պետք է իրենք էլ իրենց հերթին խաբեն կառավարությանն ու շրջապատին»:

Նույն հարցումը նաև վկայում է՝ այսօր Ռուսաստանում շարքային քաղաքացիների մոտ մեկ երրորդը նախընտրում է բարձրաձայն չասել՝ ինչ է մտածում իշխանության մասին: Հարցվածների մոտ 30 տոկոսը մասնավորապես պնդել է, թե մեր օրերում մարդիկ անկեղծորեն չեն ներկայացնում իրենց կարծիքը նախագահ Պուտինի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասին:

Ավելի վաղ՝ շաբաթներ առաջ, նույն «Լևադա» կենտրոնը մեկ այլ հարցում էր հրապարակել, ըստ որի՝ ռուսաստանցիների 45 տոկոսը կարծում է, թե երկիրը շարժվում է սխալ ուղղությամբ: Նման բարձր ցուցանիշ հարցման պատմության մեջ չէր գրանցվել 2006 թվականից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG