Մատչելիության հղումներ

Կստեղծվի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն». Երևանի քաղաքապետարան


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Երևանի քաղաքապետարանը որոշել է ստեղծել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»՝ թափառող շների խնդիրը մայրաքաղաքում լուծելու համար։

Ըստ քաղաքապետարանի հաղորդագրության, վերջին 2 ամսում թափառող շների խնդրի առնչությամբ քաղաքապետարանը ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կան մշտական հասցեներ:

«Մշակեցինք ծրագիր և հասկացանք, որ այն պետք է իրականացվի քաղաքապետարանի ներքո գործող կազմակերպության միջոցով, որպեսզի չունենանք ռիսկեր և ապահովվի ծրագրի շարունակականությունը: Բացի այդ, չհետապնդի բիզնես նպատակ», - նշել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

Կենտրոնը կունենա անասնաբուժական կլինիկա և կացարան: Միջազգային լավագույն փորձը տեղայնացնելու համար Երևան կհրավիրվեն նաև օտարազգի մասնագետներ: Մայրաքաղաքի տարբեր հատվածներից մասնագիտացված մեքենաները շներին կտեղափոխեն կենտրոն: Տեղում մասնագետները կզննեն, կպատվաստեն, կբուժեն և կստերջացնեն կենդանիներին:

«Ներկա պահին առկա ամբողջ տեղեկատվությունն իրացնելով՝ պետք է նշեմ, որ մուտքագրված է 6000 էգ շուն, որից 4500-ն առաջին տարում կստերջացվի», - նշել է Խաչիկ Հակոբյանը:

Անասնաբույժի ցուցումով շները կացարանում կմնան մի քանի ժամից մինչև մի քանի օր: Այնուհետ կհամարակալվեն և կհանձնվեն տարբեր ընտանիքների ու կազմակերպությունների խնամքին կամ բաց կթողնվեն նույն վայրեր:

«Մինչև մեր ենթակառուցվածքների ձևավորումը՝ նախատեսում ենք, որ աշխատանքները կիրականացնենք այլ կլինիկաների հետ համագործակցությամբ: Ծրագիրը շարունակական է և 4-5 տարում, եթե ծրագիրը նաև հարևան համայնքներում նմանատիպ լուծում ստանա, ակնկալվում է դրանց քանակը հասցնել նվազագույնի կամ միգուցե կարողանանք ունենալ թափառող շների մայրաքաղաք», - ըստ քաղաքապետարանի հաղորդագրության, նշել է Հակոբյանը:

«Իրականում ստերջացումն այն միակ միջոցն է, որի շնորհիվ կարող ենք հասնել այն բանին, որ փողոցներում թափառող կենդանիներ չլինեն: Ստերջացված շունը չի ունենում ձագեր, չի կազմում ոհմակ, ինչն այսօր այնքան անհանգստացնում է մեր քաղաքացիներին», - ասել է Երևանի ավագանու անդամ, «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG