Մեքենան սեպտեմբերին էր անհետացել սահմանի Գտաշենի ուղեկալի տարածքից: Հայկավանցի Գոռ Կարապետյանը գնացել էր խոտը հնձելու, սակայն գործը ավարտին չէր հասցրել, քանի որ մեքենան շարքից դուրս էր եկել: Թողնելով սահմանային գոտում՝ սահմանապահների հսկողության տակ, հաջորդ օրը վերադարձել ու աչքերին չէր հավատացել, երբ տեսել էր, որ արտում թողած գույքը չքացել է:
Հայ-թուրքական սահմանը հսկում է ռուսական սահմանապահ ջոկատը: Կարապետյանն ասում է, որ կատարվածից նրանք էլ էին անակնկալի եկել․ - «Ես որ գնացի ասի՝ տրակտորը չկա, էդ ժամանակ սահմանապահները հերթափոխի ժամանակ գնացին: Ես էդ սահմանապահ զորամասի զինվորների հետ ոտքով ման էինք գալիս, որ հետքը գտնենք, թե ուր է գնում»:
Տրակտորի անհետացման փաստով գործ հարուցվել էր Քննչական կոմիտեի տասներորդ կայազորային բաժնում: Սակայն 3 ամիս անց վարութը կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը հայտնի չլինելու հիմքով:
Տրակտորը օրերս հայտնաբերվել է Թուրքիայում ու վերադարձվել տիրոջը:
Գոռ Կարապետյան․ - «Փետրվարի 6-ին Թուրքիայի սահմանից երևի ավտո վրա էին բարձել, բերել, կռանով իջեցրել էին, բուքսիր քաշինք, բերինք ստեղ: Տրակտորը, իրանց պատմելով, գտել են խոտի միջից»:
Կարապետյանը 30 տարվա իր տրակտորը ճանաչել է, թեև ասում է, որ հասցրել էին ներկել, ջարդել ու թալանել այն, ինչ հնարավոր է եղել:
Տրակտորի հետ նաև խոտի փոցխն են տարել, որը չի վերադարձվել: Կարապետյանը հաշվում է կրած վնասի չափը․ - «Երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ է, իսկ տրակտորը յոթ միլիոն երկու հարյուր հազար է: Էրկուսն իրար հետ, եթե դոլարով հաշվենք, քսան հազար դոլար է»:
Թե ումից է պահանջելու վնասի փոխհատուցում, ինքն էլ չգիտի: Սահմանապահ ուղեկալում տրակտորը ստանալուց հետո գրություն է գրել, թե ինչ կարգավիճակով է ընդունել գույքը․ - «Ասեցին գրի, թե ինչ կա պակաս»:
Գոռ Կարապետյանն հիմա սպասում է, որ սահմանապահ ջոկատից գան լույս աչքով տեսնեն թե տրակատորն ինչ վիճակով է իրեն հասել: Փոխհատուցում կստանա, թե ոչ, պարզ չէ: