Մատչելիության հղումներ

Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է Հանրապետական կուսակցությանն իր անդամակցությունը կասեցնելու մասին


Արփինե Հովհաննիսյան, արխիվ
Արփինե Հովհաննիսյան, արխիվ

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է Հանրապետական կուսակցությանն իր անդամակցությունը կասեցնելու մասին: Իր ֆեյսբուքյան գրառմամբ Հովհաննիսյանը հայտնել է, որ ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր և միանալու է այն փաստաբանների հանրույթին, որոնք չեն ընկրկում պաշտպանել իրենց վստահորդներին՝ անկախ հասարակական տրամադրություններից: Արփինե Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ հիմնադրել է հասարակական կազմակերպություն, որի նպատակն է լինելու վերահսկել երկրում տեղի ունեցող գործընթացները, վերհանել խնդիրները, միևնույն ժամանակ՝ առաջարկել լուծումներ:

«Ես շարունակելու եմ իմ ակտիվ ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներին, խորքային վերլուծության եմ ենթարկելու կայացվող որոշումները, իսկ անհրաժեշտության դեպքում չեմ խորշելու սուր քննադատություն հնչեցնելուց։ Մեր երկրին ծառայելու համար բացի քաղաքականությունից և պետական ծառայությունից, կան այլ կարևոր հարթակներ, որոնք պահանջում են իրական նվիրվածություն և պրոֆեսիոնալիզմ։ Հատկապես կարևոր է, որ այս փուլում հնչող կարծիքը չդիտարկվի քաղաքական հետագծի կամ կուսակցական պատկանելության լույսի ներքո։ Ասվածը հատկապես կարևորվում է հասարակական կազմակերպություն հիմնելու որոշման համատեքստում», - գրել է Հովհաննիսյանը։

Արփինե Հովհաննիսյանը գրել է՝ «Դավիթ և գործընկերներ» խորհրդատվական ընկերությունում իրականացնելու է մասնագիտական գործունեություն` գործընկերոջ կարգավիճակով: Նախկինում պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Դավիթ Հարությունյանի հիմնադրած ընկերության թիմի անդամներ են նաև նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, ՊԵԿ նախկին փոխնախագահ Վախթանգ Միրումյանը։

Դավիթ Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ իրենց գործունեության վերաբերյալ: ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ Դավիթ Հարությունյանը շարունակում է մնալ Հանրապետական կուսակցության անդամ:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ Դավիթ Հարությունյանը շարունակում է մնալ Հանրապետական կուսակցության անդամ, Վարդան Արամյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել, իսկ Արփինե Հովհաննիսյանի դեպքում հստակեցնում է՝ ընդամենը կասեցրել է անդամակցությունը։

«Կուսակցությունների մասին օրենքում կա հստակ արգելք՝ ովքեր չեն կարող, որ ծառայությունում աշխատողները չեն կարող, օրինակի համար, զինծառայողները, դատախազության, դատարանների և այլն աշխատողները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ։ Նմանատիպ դեպքերում մարդիկ կասեցնում են, երբ որ կաշխատեն կամ էդ պաշտոնը էլ չեն պաշտոնավարի, ապա իրենց ցանկությամբ կարող են վերականգնվել կուսակցության շարքերում», - ասաց Ռուբեն Թադևոսյանը։

Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը չմեկնաբանեց տեղեկությունները, թե Արփինե Հովհաննիսյանը պատրաստվում է միանալ Հայաստանի երրորդ նախագահի փաստաբանական խմբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG