Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջով այսօր կեսօրին տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել Մադրիդի կենտրոնում։
Ցույցը կազմակերպել էին երկրի առաջատար ընդդիմադիր «Ժողովրդական կուսակցությունը» և մի շարք ծայրահեղ աջ քաղաքական կառուցներ:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերանայել Պեդրո Սանչեսի կառավարության` Կատալոնիայի հարցում որդեգրած քաղաքականությունը:
Սանչեսի կառավարության նախաձեռնությամբ շաբաթներ առաջ բանակցություններ էին մեկնարկել Կատալոնիայի անկախության օգտին հանդես եկող կուսակցությունների և կենտրոնական իշխանությունների միջև: Ուրբաթ օրը, սակայն, հայտնի դարձավ, որ այդ բանակցությունները տապալվել են: Իսպանիայի փոխվարչապետ Կարմեն Կալվոյի խոսքով՝ բարսելոնայի հետ առկա տարաձայնությունների հաղթահարմանն ուղղված բանակցային գործընթացը տապալվել է կատալոնացի անկախականների ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով:
«Մենք բազմաթիվ կամուրջներ փորձեցինք կառուցել Կատալոնիայի ներկայացուցիչների հետ, սակայն, մեր բոլոր ջանքերն անպատասխան մնացին», - նշել է իսպանացի պաշտոնյան: