Թուրքիայի իշխանությունները խստորեն քննադատում են պաշտոնական Պեկինին` Չինաստանի արևմտյան շրջաններում բնակվող, մահմեդականություն դավանող թյուրքալեզու ույղուրների իրավունքները ոտնահարելու համար:
«Ույղուրների նկատմամբ Չինաստանի վարած քաղաքականությունը կատարյալ խայտառակություն է ողջ մարդկության համար», - հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը:
Թուրքական դիվանագիտական գերատեսչության խոսնակի պնդմամբ․ - «Որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ ավելի քան 1 միլիոն ույղուրներ կամայականորեն ձերբակալվել են` տեղափոխվելով հատուկ ճամբարներ, որտեղ նրանց ենթարկում են կտտանքների և ուղեղի լվացման»:
Անկարայում Չինաստանի դեսպանությունն արդեն իսկ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը անընդունելի է անվանել: