Մատչելիության հղումներ

«Թեղուտ» ՓԲԸ լուծարման պահանջով գործի քննությունը դադարեցվում է


«Կ-արաստ» ՍՊԸ-ն հրաժարվել է դեռևս մեկ տարի առաջ գործունեությունը դադարեցրած «Թեղուտ» ՓԲ ընկերությունը լուծարելու՝ դատարան ներկայացրած իր պահանջից։

Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց հայցից հրաժարվելու մասին «Կ-արաստի» դիմումն ու հայտարարեց, որ գործի քննությունը դադարեցվում է։

Թեև դեռ անցած տարի «Թեղուտ» ընկերությունը վճարել էր «Կ-արաստի» պահանջած 2 միլիոն 162 հազար դրամի պարտքը, բայց պարտատերը շարունակում էր պնդել ընկերությունը լուծարելու պահանջը։ Վերջինիս ներկայացուցիչ Վահագն Բալաբեկյանն ու հանքավայրի նախկին աշխատակիցները հայտարարում էին, որ այս պահանջի հետևում թաքնված մտադրություններ կան և, որ Թեղուտի հանքավայրից զրկված «Վալլեքս» ընկերության 10 տարվա գործընկեր «Կ-արաստը» հանքավայրը վերագործարկելու ծրագրին խոչընդոտելու նպատակ ունի։ Վահագն Բալաբեկյանը դատարանի երեկվա որոշումից հետո «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ «Կ-արաստ» ընկերության դատարան ներկայացրած հայցի համաձայն «Թեղուտ» ընկերությունը պարտք էր դեռ 2013 թվականից, բայց որևէ անգամ նախկինում այդ մասին ընկերության կառավարիչներին պահանջ չի ներկայացրել. ֊ «Եթե այդ պարտավորության գումարը ստանալն էր նպատակը, ապա գոնե մի անգամ կդիմեին «Թեղուտին» պարտքը վերադարձնելու դիմումով, եթե չէր վերադարձնի՝ տրամաբանական էր, որ դիմեին գումարի բռնագանձման պահանջով, բայց երբևիցե՝ 6֊7 տարվա ընթացքում չդիմելով՝ հիմա դիմել են լուծարման պահանջով»։

Հիշեցնենք, անցած տարի ՎՏԲ բանկին 380 միլիոն դրամի պարտք ունեցող «Վալլեքս» ընկերությունը զրկվել էր բանկում գրավադրված «Թեղուտ» ընկերությունից ու դրան պատկանող հանքավայրից։ Հանքավայրի կառավարումն ամբողջապես անցել էր ռուսական ՎՏԲ բանկին։ Դրանից անմիջապես հետո ընկերության 10 տարվա գործընկեր «Կ-արաստ» ՍՊԸ֊ն դատի էր տվել «Թեղուտ»֊ին, պնդելով, թե տարիներ առաջ անտառ հատելու դիմաց ընկերությունը չի վճարել։ Դատարան ներկայացված հայցում, մինչդեռ, «Կ֊արաստը» պահանջում էր լուծարել պարտատեր ընկերությանը և վճարել 2 միլիոն 162 հազար դրամի պարտքը։ Հայցի հետևանքով «Թեղուտ» ընկերությունը զրկվել էր ոլրևէ գործարք իրականացնելու հնարավորությունից և չէր կարողանում վերագործարկել արդեն մեկ տարի պարապուրդի մատնված հանքավայրը։

Դատաքննության ընթացքում «Թեղուտ» ընկերությունը վճարել էր «Կ-արաստի» պահանջած գումարը, իսկ դատարանը հանել էր արգելանքը։ Բայց անգամ այս ամենից հետո «Կ-արաստ» ընկերությունը շարունակում էր պահանջել լուծարել «Թեղուտ» ընկերությունը։

Թեղուտի հանքավայրի նախկին աշխատակիցները ստեղծել են «Թեղուտի վերաբացում» նախաձեռնություն։ Նախաձեռնության անդամները, որ մասնակցում էին բոլոր դատական նիստերին և սպասում հանքավայրը վերագործարկելու խոչընդոտների վերացմանը, դատարանի երեկվա որոշումից հետո նշեցին, որ սա նաև իրենց հաղթանակն է։ Կարեն Միքայելյանի կարծիքով արդեն մոտ են իրենց աշխատանքը վերագտնելու հնարավորությանը։ ֊ «Մեծ հաղթանակ էր սա։ Իրենք իրենց կեղտոտ պլաններն էին փորձում իրականացնել՝ կալանք դնելով և լուծարելու պահանջով, բայց իրենց պլանները չի լինելու։ Մենք էլի ջախջախելու ենք իրենց ցանկացած պլան։ Մենք պայքարելու ենք և մինչև վերջ մեր պայքարը տանելու ենք։ Մեր պայքարը արդար է՝ մենք ուզում ենք աշխատանք ունենանք։ Ինչ խոչընդոտ եղավ՝ տրորելու ենք անցնենք», ֊ հայտարարեց «Թեղուտի վերաբացում» նախաձեռնության ներկայացուցիչը։

Նախաձեռնության անդամները հայտարարություն են տարածել, որ երեկ զրույց են ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ, ով հավաստիացրել է, որ Թեղուտի հանքավայրի սեփականատեր դարձած ՎՏԲ բանկը բանակցում է առնվազն երկու հանքարդյունաբերող ընկերությունների հետ, որոնք հանքավայրը վերագործարկելու ցանկություն են հայտնել։ ֊ «Կընտրվի նրանցից լավագույնը, և մաքսիմալ կարճ ժամկետներում հանքը կվերագործարկվի», ֊ իրենց ֆեյսբուքյան էջում նշել են նախաձեռնության անդամները։

Ավելի վաղ ռուսաստանաբնակ գործարար Նորայր Պետրոսյանը Թեղուտի վերագործարկման համար ներդրում կատարելու պատրաստակամություն էր հայտնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG