Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ԱլԳ երկրների 6-րդ տարեկան համաժողովին


Փետրվարի 8-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Տալլինում մասնակցել է ԱլԳ երկրների 6-րդ տարեկան համաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության 10-ամյակին:

ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանը համաժողովի շրջանակներում որպես բանախոս է հանդես եկել «Էվոլյուցիայի տասնամյակ. գնահատելով ԱլԳ անցած տաս տարիները» քննարկմանը։ Անդրադառնալով Արևելյան գործընկերության 10-ամյակին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ այն հարթակ է, որը ծառայում է արևելյան գործընկերների փոխգործակցությունը եվրոպական ուղղությամբ դյուրացնելու նպատակին: Նա հավելել է, որ ԱլԳ միաժամանակ լավ գործիք է եվրոպական արժեքներին համահունչ և եվրոպական մոդելին համապատասխան ազգային ինստիտուտների կառուցման համար: Այս առումով ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ներկայացնում է մի երկիր, որտեղ 2018թ. ապրիլ-մայիս ամիսների Թավշյա հեղափոխությունը վստահաբար հնարավոր դարձավ նաև ավելի քան 27 տարվա ընթացքում ձեռք բերած ազգային ինստիտուցիոնալ կարողությունների շնորհիվ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Արևելյան գործընկերության կողմից թվային օրակարգի առաջմղման և թվային տնտեսության խթանման շուրջ համագործակցության ծավալման համար ընձեռնված հնարավորությունները: Միաժամանակ վերջինիս կողմից ընդգծվեց քաղաքացիական հասարակության հարթակի և երիտասարդության դերն ԱլԳ օրակարգում՝ շեշտելով, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ազգային հարթակը կառավարության շատ կարևոր գործընկերն է. վերջինիս հետ առկա է բավական սերտ համագործակցություն ինչպես ազգային հարթակի շրջանակներում, այնպես էլ՝ ԱլԳ մակարդակում:

«Արևելյան գործընկերության մյուս հարթությունը վերաբերում է այս գործընկերության բնույթը և պատկանելիությունը հասկանալու շարունակական բանավեճին: Արդյո՞ք սա Եվրոպական միության 28 անդամ պետությունների գործընկերությունն է 6 արևելյան գործընկերների հետ: Տասը տարի շարունակ մենք հարկադրված ենք վիճարկել այն ձևավորված ընկալումը, որ Արևելյան գործընկերությունը, ըստ էության, ավելի շատ գործընկերություն է Եվրոպական միության արևելաեվրոպական անդամների և արևելյան գործընկերների միջև: Իրականում առավել մեծ և կարևոր մարտահրավեր է ճանաչել ընդհանուր արժեքների և եվրոպական ինքնության ընդհանրության բնույթը՝ որպես Արևելյան գործընկերության առանցք: Այսպիսով, արդյո՞ք այն պետք է լինի Արևելյան գործընկերություն, թե՝ եվրոպական գործընկերություն», - եզրափակել է ՀՀ ԱԳ նախարարը:

Այնուհետև ԱԳ նախարար Մնացականյանը և քննարկման մյուս բանախոսները պատասխանել են մասնակիցների հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG