Մատչելիության հղումներ

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում գործում է Հենրիկ Սիրավյանի հոբելյանական ցուցահանդեսը


Մինչև փետրվարի 23-ը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կգործի մեր լավագույն արվեստագետներից Հենրիկ Սիրավյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը:

Հենրիկ Սիրավյանի որդու՝ Գագիկ Սիրավյանի խոսքով, գեղանկարչի համար կարևորագույն տարիներ են եղել այն 8 տարիները, որոնք անցկացրել է Սարյանի կողքին, նրա տանը» - «Հենրիկ Սիրավյանը եղել է Մարտիրոս Սարյանի աշակերտը 1958-66 թվականներին: Պատճառը հանդիսացել է մի գեղեցիկ նկար, որը Սարյանը տեսնում է Մոսկվայում 1957 թվականին և, շատ հավանելով, ցանկություն է հայտնում ծանոթանալ նկարչին և վերջապես հայրիկին առաջարկում մնալ իր արվեստանոցում, աշխատել իր հետ: Հայրիկի համար դա մեծագույն բախտ էր․․․ Միասին ճամփորդել են, միասին պաննոներ են իրականացրել»:

Ցուցահանդեսը խորագրված է «Աղոթք առ Հայաստան»: Սարյանի նման, Հենրիկ Սիրավյանն էլ պաշտել է հայրենիքն ու հայրենի բնաշխարհը և հաճախ շեշտել․ «Աշխարհում մի երկիր կա, դա մեր Հայաստանն է, մեր հայրենիքը: Եվ ես իմ ամբողջ ուժով, ինչ որ աստված ինձ տվել է՝ խելք, աշխատասիրություն, գիտելիքներ, այս ամենով ես միշտ երազել եմ արտահայտել իմ սերը Հայաստանի հանդեպ, որովհետև ինձ համար չկա ավելի բարձր բան, քան Հայաստանն է: Եվ ես որդիական մեծ նվիրումով նկարել եմ իմ երկրի մասին իմ աղոթքը․․․․»

«Հայրիկը այնքան էր սիրում, այնքան էր նվիրված իր հայրենիքին, որ իր նկարներից էդ սերը ուղղակի հորդում ա», - ասաց նկարչի որդին: - «Ցուցահանդեսում ցուցադրված է 63 նկար, որոնցից շուրջ 20 նկար ընդհանրապես առաջին անգամ են ցուցադրվում: Պայծառ, լուսավոր, Հայաստանի բնության հերոսականությունը կրող․․․»

Գագիկ Սիրավյանն ասաց, որ հոր ստեղծագործությունները պահվում է իրենց տանը և արվեստանոցում․ - «Բայց ժառանգությունը շատ մեծ է, կարող է 3, 4 այսպիսի ցուցահանդես լցնել: Պահպանման խնդիր կա, հատուկ պայմանների: Եվ որ ամենակարևորն է՝ որ ժողովուրդը տեսնի, շփվի էդ արվեստի հետ: Չմասնավորեցնելով հայրիկին՝ ինչպես իրենց կյանքը ձոնել են Հայաստանին, այդպես էլ պետությունը պիտի հոգատարությամբ տեր կանգնի իր զավակներին, որ չմնան նրանց ստեղծագործությունները անտեր»:

Հարցին, թե ինչ պետք է անել արվեստը հանրությանը մերձեցնելու համար, Սիրավյանը պատասխանեց․ - «Ես կարծում եմ, պետական մշակութային քաղաքականություն պետք է լինի, և ես չեմ զլանա նորից ասել այն միտքը, որը քանիցս ասել եմ՝ պետք է ժողովրդին պարտադրվի մշակույթը: Որ արյան, հոգու պահանջ լինի: Շնորհակալությունս եմ ուզում հայտնել Մշակույթի նախարարությանը դահլիճների վարձակալությունը հովանավորելու համար, բայց զարմանքս պիտի արտահայտեմ, որ թե բազմանը, թե մինչև այսօր Մշակույթի նախարարությունից որևէ մեկը չի եկել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG