Մատչելիության հղումներ

3 տարի առաջ զորամասում մահացած զինծառայողի ընտանիքը համոզված է, որ քրեական գործը կոծկվում է


Մոտ երեք տարի առաջ զորամասում էլեկտրահարության հետևանքով մահացած զինծառայող Սարգիս Մանուկյանի ծնողներն ու հարազատները համոզված են, որ արդեն դատարան հասած քրեական գործում դեպքի իրական մանրամասները ոչ թե բացահայտված, այլ կոծկված են։

Ըստ նախաքննության, Արարատ քաղաքին կից գտնվող զորամասի 18-ամյա զինվորը պահակային ծառայության է նշանակվել պահակետերից մեկում։ Հերթափոխի ավարտին, սակայն, զինակիցները Սարգիս Մանուկյանին մահացած են գտել պահակակետի տարածքում գտնվող բարձր լարման ենթակայանի ներսում։ 8 ամիս տևած նախաքննության և արդեն մեկ տարի ընթացող դատաքննության ժամանակ դեռևս չի հստակեցվել, թե որն է եղել ժամապահ-զինվորի 6000 վոլտ լարման ենթակայան մտնելու պատճառը, բայց ականատեսները ցուցմունքներում նշել են, որ զինվորը կարող էր բնական կարիքներ հոգալու համար մտնել վտանգավոր տարածք։

Սարգիս Մանուկյանի հայրն ասաց․ - «Առաջինը մեզ պատմել ա իրանց զամպալիտ Մխիթար Իսպիրյանը՝ նենց ն ներկայացնելով, որ իմ էրեխեն 3 փշալարի վրով ա անցել, փակ դուռ ա բացել, մտել էդ ենթակայանի մեջ բնական կարիքներ հոգալու համար: Բացառվում ա դա: Բժշկական փորձաքննությունն էլ հաստատել ա, որ էրեխեն ընդհանրապես զուգարանի չի գնացել»:

Նախաքննության նյութերին կցված լուսանկարներում երևում է, որ ենթակայանի հետնամասում որպես զուգարան ծառայող տարածք կա։

Քննությունը պարզել է, որ տեղանքի համար պատասխանատու են զորամասի հրամանատարի թիկունքի և կոմունալ ծառայության գծով տեղակալ Արմեն Յավրիյանն ու զորամասի կոմունալ ծառայության պետ Հրաչ Խանոյանը։ Երկուսն էլ պատասխանատու էին զորամասի կոմունալ շինությունների ճիշտ շահագործման, նաև էլեկտրական բաշխիչ սարքերի վերահսկողության համար։ Մինչդեռ զինվորականների բոլոր ցուցմունքներով ապացուցված է համարվել, որ բարձրավոլտ ենթակայանն արգելափակված չի եղել, անգամ դռներից մեկը մշտապես բաց է եղել, դրա վտանգավորության մասին զգուշացնող որևէ նշան տարածքում և դռան վրա չի եղել։

Յավրիյանի և Խանոյանի «ծառայության նկատմամբ անփույթ վեբերմունքն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», եզրակացրել է քննիչն ու մեղադրանք առաջադրել, որը ենթադրում է 3-6 տարվա ազատազրկում։

Մինչդեռ ըստ նախաքննական մարմնի մեղավոր համարված անձինք մինչև այսօր էլ չեն ընդունել իրենց մեղքը, հրաժարվել ցուցմունք տալ՝ նշելով, թե չեն իմացել, որ այդ ենթակայանն իրենց զորամասինն է։

2016 թվականի ապրիլյան պատերազմից ընդամենը 2 օր առաջ մահացած զինծառայողի՝ Կաթնաջուր գյուղում ապրող հարազատների մոտ նախաքննական նյութերը բազմաթիվ կասկածների տեղիք են տվել։ Էլեկրահարված Սարգիս Մանուկյանին առաջինը հայտնաբերած զինակիցներն իրարամերժ ցուցմունքներ են տվել։ Նախ, որ զինվորին ենթակայանից դուրս են հայտնաբերել, հետո, թե՝ ներսում են տեսել։

Նախաքննության ընթացքում, ըստ գործի նյութերի, ասել են, որ Սարգիսի զինվորական իրերն ու գոտին եղել են շենքի ներսում։ Բայց զինվորի հարազատները, որ արդեն սերտել են իրավաբանական տերմիններն ու անգիր արել քրեական բազմահատոր գործը, պնդում են, թե սա իմիտացիոն վարկած է և, որ պատասխանատուների շրջանակը նեղացնելու և մեղքը մեղմելու միտում ունի։

Ընտանիքի հայրը՝ Սմբատ Մանուկյանը, նշում է, որ քննչական գործի նյութերը չեն փարատել իրենց կասկածները։ Որդու մահվան իրենց վարկածն են առաջ քաշում, ըստ որի զինվորը վերադասի հանձնարարությամբ է մտել բարձրավոլտ ենթակայան՝ անջատելու էլեկտրական սնուցումը, սակայն չի կարողացել ավարտին հասցնել գործը։ Շեշտում են, որ ըստ փորձագիտական եզրակացության, անջատիչը չէր համապատասխանում պահանջվող չափանիշներին և կարող էր դժվարություն ստեղծել ոչ մասնագետի համար։

Ծանր կորուստ կրած կաթնաջուրցի ընտանիքն այստեղ խեղաթյուրված փաստեր է տեսնում և նշում, որ պայքարելու են գործի իրական բացահայտման համար։

«Ամեն ինչ պիտի անենք, մեր ուժերը ներդնելով, ինչ ժամանակ կանց կենա, էսա 3 տարի ա, ուզում ա 13 տարի անց կենա, պըտի պարզաբանենք իրական դեպքը թե ոնց ա տեղի ունեցել, ում ցուցումով ա իմ էրեխեն մտել ըտեղ», - ասաց Սմբատ Մանուկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG