ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ մտադիր չէ հանդիպել իր չինացի պաշտոնակից Սի Ծինփինի հետ մինչև մարտի 1-ին լրացող՝ առևտրային վեճը կարգավորելու վերջնաժամկետը:
Ամերիկյան վարչակազմն ավելի վաղ հաղորդել է, որ երկու ղեկավարները դժվար թե հանդիպեն մինչև մարտի 1-ը: Այդ լուրը բացասական ազդեցություն է գործել ամերիկյան և միջազգային շուկաների վրա:
Թրամփը և Ծինփինը վերջին անգամ հանդիպել են անցյալ տարվա դեկտեմբերին Արգենտինայում տեղի ունեցած Մեծ քսանյակի գագաթնաժողովում:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը և առևտրի հարցով պետական գործակալության ղեկավար Ռոբերտ Լայթհիզերը հաջորդ շաբաթ կմեկնեն Պեկին՝ չինացիների հետ բանակցելու համար:
Եթե այդ քննարկումներն էլ ապարդյուն դառնան, մարտի 2-ից սկսած Միացյալ Նահանգները 200 միլիարդ դոլարի հարկ կսահմանի Չինաստանից ներմուծվող արտադրանքի նկատմամբ, ինչը կարող է լուրջ ապակայունացում առաջացնել համաշխարհային շուկայում:
Թրամփը չինացիներին բազմիցս է մեղադրել ԱՄՆ-ի հետ առևտրում անարդար գործելակերպի մեջ, որը վնաս է հասցնում ամերիկյան տնտեսությանը, նվազեցնում է ընկերությունների եկամուտները և խոչընդոտում աշխատատեղերի ստեղծումը:
Պեկինն, իր հերթին, Միացյալ Նահանգներից պահանջում է դադարեցնել «չհիմնավորված ճնշումը» թվային տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես՝ սմարթֆոններ և հեռահաղորդակցության արդիական սարքավորումներ արտադրող չինական ընկերությունների նկատմամբ: