Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով


ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով այսօր հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում:

Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Հարցաքննությունը տևել է 1.5 ժամ:

Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին գլխավորում էր համաժողովրդական շարժումը և մասնակցելով փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին՝ պաշտոնական տվյալներով ստացել էր 21.51 տոկոս ձայն, իսկ նրա հիմնական մրցակից Սերժ Սարգսյանը՝ 52.82 տոկոս ձայն:

Առաջին նախագահի գլխավորությամբ փետրվարի 20-ից Երևանի Ազատության հրապարակում շուրջօրյա խաղաղ հանրահավաքներ, նստացույցեր սկսվեցին ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանները ուժի գործադրմամբ ցրեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարներին: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով 10 քաղաքացի զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված է 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը, հետախուզվում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, մեղադրյալի կարգավիճակ ունեն Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանը, Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը և այդ ժամանակ Հայաստանի պաշտպանության փոխնախարարի և Երևանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը:

Մամուլի հրապարակումների համաձայն, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում փետրվարի 1-ին և 6-ին վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև Սերժ Սարգսյանը՝ յուրաքանչյուր դեպքում մի քանի ժամ անցկացնելով Հատուկ քննչական ծառայությունում: ՀՔԾ֊ից կրկին չեն մեկնաբանել Սերժ Սարգսյանի հարցաքննությունների մասին տեղեկությունները, բայց չեն էլ հերքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG