Մատչելիության հղումներ

Ադամ Շիֆը հայտարարում է Թրամփի դեմ նոր հետաքննության մեկնարկի մասին


ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը առաջիկայում ևս մեկ հետաքննության առարկա կդառնա: Այս մասին չորեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում հայտարարեց Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան Հետախուզության հարցերի կոմիտեի նախագահ, Կոնգրեսում Լոս Անջելեսի հայաբնակ շրջանները ներկայացնող դեմոկրատ Ադամ Շիֆը: Նրա խոսքով՝ իր ղեկավարած կառույցի կողմից նախաձեռնվող հետաքննության նպատակն է լինելու պարզել, թե որքանով են Թրամփի ֆինանսական շահերը ազդում նրա, ինչպես նաև նրա մերձավոր շրջապատի կողմից կայացվող քաղաքական որոշումների վրա:

«Այդ հետաքննության ընթացքում անդրադարձ կկատարվի ցանկացած վստահելի պնդման, որ կվերաբերի այն լծակներին, որոնք եղել են ռուսների, սաուդցիների կամ որևէ այլ [երկրի ներկայացուցիչների] ձեռքում», - նշում էր Շիֆը` հավելելով, որ իր այս նախաձեռնությունը ակնհայտորեն զարմացնելու է Սպիտակ տան ղեկավարին:

«Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու է նախագահը այդքան հեշտությամբ համակերպվել այն մտքին, որ Կոնգրեսը չի վերահսկումիր գործողությունները: Բանն այն է, որ վերջին երկու տարիներին հանրապետականները Կոնգրեսում մեծամասնություն էին կազմում, և երբ գործը հասնում էր որպես իշխանության իրավահավասար թև հանդես գալուն, նրանք զիջողի դերում էին: Միջանկյալ ընտրությունները, սակայն, վերջ դրեցին այդ կացությանը», - հայտարարում էր Շիֆը:

Դեմոկրատ կոնգրեսականի խոսքով՝ հետաքննության ընթացքում Ներկայացուցիչների տան Հետախուզության հարցերի կոմիտեի անդամները փորձելու են պարզել` «արդյո՞ք օտար պետության որևէ ներկայացուցիչ ձգտել է ազդեցության լծակներ ձեռք բերել Դոնալդ Թրամփի, նրա ընտանիքի անդամների, նրա ղեկավարած բիզնես կառույցների կամ բիզնես գործընկերների հանդեպ»:

Բացի այդ, Ադամ Շիֆը նշում էր, որ Թրամփի գործունեության այս նոր հետաքննությունը կարող է բավական մեծ ծավալների հասնել, և դրան կարող են միանալ Կոնգրեսի այլ մշտական հանձնաժողովներ ևս:

Դոնալդ Թրամփի համոզմամբ՝ այս քայլով Ադամ Շիֆը փորձում է բարձրացնել սեփական վարկը ընտրողների շրջանում:

«Նման քայլի դիմելու որևէ հիմնավորում նա չունի: Շիֆը պարզապես քաղաքական ոչնչություն է, որը փորձում է նման գործողություններով իրեն անուն կերտել», - հայտարարում էր Թրամփը չորեքշաբթի երեկոյան Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ:

Ուշագրավ է, որ այդ նույն ասուլիսի սկզբում Թրամփը ձևացնում էր, թե ընդհանրապես տեղյակ չէ՝ ով է Ադամ Շիֆը: «Դուք ասացիք Ադամ Շի՞ֆ: Երբեք չեմ լսել նրա մասին», - հեգնական տոնով ասում էր ԱՄՆ նախագահը:

Կոնգրեսի Հետախուզության հարցերի կոմիտեի` Թրամփի ֆինանսական գործունեության հետաքննության մասին որոշումը հրապարակվեց ԱՄՆ նախագահիամենամյա ուղերձի հաջորդ օրը: Հետախուզության կոմիտեի՝ չորեքշաբթի օրը կայացած նիստի ընթացքում դրա անդամները որոշել են Թրամփի և Ռուսաստանի իշխանությունների հնարավոր կապերի վերաբերյալ ամիսներ շարունակված կոնգրեսական հետաքննության նյութերը փոխանցել Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլերի ղեկավարած քննչական խմբին: Խոսքը նախագահի որդու` Դոնի, փեսայի` Ջարեդ Քուշների, Սպիտակ տան ռազմավարության հարցերով նախկին խորհրդական Սթիվ Բենոնի և Թրամփի թիկնապահներից մեկի՝ Կոնգրեսում իրականացված դռնփակ հարցաքննությունների ամբողջական սղագրությունների մասին է:

«Հատուկ դատախազի գրասենյակը, Արդարադատության նախարարությունն իր կառույցներով հանդերձ հնարավորություն կունենան ծանոթանալ այդ սղագրություններին», - հայտարարում էր Ադամ Շիֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG