Մատչելիության հղումներ

Յանուկովիչը խախտել է լռությունը, խստորեն դատապարտել Ուկրաինայի իշխանություններին


Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ում ուկրաինական դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապարտել պետական դավաճանության համար և ով 2014 թվականից գտնվում է Ռուսաստանի տարածքում և անհասանելի է Ուկրաինայի իշխանությունների համար, երկար լռությունից հետո այսօր մամուլի ասուլիս է տվել:

Յանուկովիչը խստորեն դատապարտել է Ուկրաինայի իշխանություններին, հայտարարելով, թե հեղափոխությունից հետո սոցիալ-տնտեսական վիճակը երկրում կտրուկ վատացել է, բնակչությունն աղքատացել է, տնտեսությունն անկում է ապրում, աճել է պետական պարտքը, ներդրումներ չկան, իսկ բնակչության գերակշիռ մասը չի վստահում իշխանություններին: Նախկին նախագահը մատնանշել է, թե վերջին հինգ տարիներին Ուկրաինայից արտագաղթել է շուրջ 6 միլիոն մարդ ու հավելել՝ «անկախության տարիներին նման տխուր իրավիճակ Ուկրաինայում չի եղել»:

Յանուկովիչն անդրադարձել է նաև Ուկրաինական եկեղեցու առանձնացմանը Ռուս Ուղղափառ եկեղեցուց՝ ավտոկեֆալիային, ասելով, թե Ուկրաինայի իշխանությունները խառնվել են եկեղեցու գործերի մեջը, ինչը անթույլատրելի է և նախկինում երբեք չի եղել:

Նախկին նախագահը անդրադարձել է նաև մարտի վերջին Ուկրաինայում անցկացվելիք նախագահական ընտրություններին: Յանուկովիչի պնդմամբ, Ուկրաինայի գործող իշխանությունները այդ ընտրություններում խախտումների կգնան, քանի որ առանց այդ խախտումների գործող նախագահ Պետրո Պորոշենկոն չի կարող հաղթել: - «Մարտին կայանալիք ընտրությունները Ուկրաինայի նորագույն պատմության ամենակեղտոտ ընտրություններն են լինելու», - պնդել է նա:

Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, թե «նեղացած է» Եվրամիության անդամ երկրների ղեկավարներից: Յանուկովիչն ասել է, թե ԵՄ առաջնորդները իր հետ համաձայնագիր են ստորագրել և հաջորդ օրն իսկ ճանաչել այն մարդկանց, ովքեր անօրինական ճանապարհով պաշտոնանկ են արել գործող նախագահին: - «Ես նամակներ եմ գրում Եվրամիության անդամ երկրների ղեկավարներին, սակայն որևէ պատասխան չեմ ստանում: Գոնե գրեք՝ շնորհակալություն նամակների համար», - ասուլիսին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահը:

Յանուկովիչը հայտարարել է՝ գիտի, թե ինչ է հարկավոր անել Դոնբասում պատերազմին վերջ տալու համար: Ուկրաինական արդարադատությունից Ռուսաստանում պատսպարված Յանուկովիչի դիրքորոշումը այս հարցում ամբողջովին համընկնում է Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ: Յանուկովիչն ասել է, թե հարկավոր է Դոնբասի ղեկավարության հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ: - «Նրանք էլ են Ուկրաինայի քաղաքացիներ՝ նստեք և պայմանավորվեք ձեր քաղաքացիների հետ», - հորդորել է նախկին նախագահը՝ հավելելով, թե նախագահ Պորոշենկոյին այդ պատերազմը ձեռնտու է:

Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, որով ինքը մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության համար․ Յանուկովիչն իր մեղքը չի ընդունում և ասում է, որ մարդկանց Մայդանում սպանել են հենց Մայդանի կազմակերպիչները և հավելում, որ եթե ուժի մեջ մտներ 2014 թվականի փետրվարի 20-ի համաձայնագիրը, որի տակ ստորագրել էին Գերմանիան, Լեհաստանը և Ֆրանսիան, հնարավոր է, որ չլիներ նույնիսկ պատերազմը Դոնբասում և լիներ այլ իրավիճակ Ղրիմի հետ կապված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG