Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն և Մակեդոնիան պատմական հուշագիր են ստորագրել


Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում այսօր Մակեդոնիան ռազմական կառույցին անդամակցելու մասին պատմական հուշագիր ստորագրեց՝ այդպիսով դառնալով կազմակերպության երեսուներորդ անդամը:

«ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում ժողովրդավարության և դաշինքի գաղափարախոսությունը կիսողների համար», - հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Մակեդոնիայի արտգործնախարարար Նիկոլա Դիմիտրովը հայտարարել է, որ իր երկիրը երկար ճանապարհ է անցել դաշինքին անդամակցելու համար՝ հատուկ շնորհակալություն հայտնելով Հունաստանի ղեկավարությանը առաջին անգամ հարցը չարգելափակելու համար:

Մինչ ՆԱՏՕ-ի շարքերը համալրելու մասին այդ փաստաթուղթը կվավերացվեն դաշինքի անդամ քսանինը երկրները, Մակեդոնիան կարող է մասնակցել կառույցի միջոցառումների որպես հրավիրյալ կողմ:

Սկոպյեն վերջին տարիներին արդեն մասնակցել է մի քանի ծրագրերի՝ «Գործընկերություն հանուն խաղաղության», դաշինքին անդամակցելու նախապատրաստական գործողությունների ծրագրերին: Բացի այդ ՝ մակեդոնացի զինվորականները նաև ակտիվորեն մասնակցել են Աֆղանստանում և Կոսովոյում Հյուսիսատլանտյան դաշինքի գործողություններին:

Արևմտյան ռազմական այդ դաշինքին Մակեդոնիայի անդամակցությանը տարիներ շարունակ խոչընդոտել է Հունաստանը. երկու հարևան երկրները սկզբունքային տարաձայնություններ ունեին Մակեդոնիա անվանման շուրջ: Հարավասլավիայի փլուզմանը հաջորդած Մակեդոնիայի անկախացումից հետո Աթենքը պնդում է, որ Մակեդոնիա անվանումը տարածքային պահանջներ է ենթադրում Հունաստանի հյուսիսի համանուն շրջանի նկատմամբ՝ պահանջելով հրաժարվել այդ անվանումից:

Տասնամյակներ ձգված վեճն ի վերջո հանգուցալուծվեց անցյալ տարի: Մակեդոնիայի և Հունաստանի իշխանությունները համաձայնեցին փոխել երկրի անվանումը, որի դեպքում Աթենքը չի խոչընդոտի հարևան երկրի եվրաինտեգրման քայլերին: Պատմական այդ համաձայնագիրը, սակայն, կոշտ քննադատության արժանացավ ինչպես Հունաստանում, որտեղ պնդում են, որ ընդհանրապես պետք է հրաժարվել Մակեդոնիա անվանումից, այնպես էլ Մակեդոնիայում, որտեղ Հունաստանի հետ գործարքը գնահատում են նվաստացուցիչ:

Մակեդոնացիներից շատերը իշխանությունների զիջումների գնալու պատրաստակամությունը որակեցին դավաճանություն, որը հարվածում է երկրի արժանապատվությանը:

Չնայած այս քննադատությանը, փաստաթուղթը այդուհանդերձ վավերացվեց երկու երկրների խորհրդարանների կողմից: Մակեդոնիայի Հանրապետությունը վերանվանվեց Հյուսիսային Մակեդոնիայի, ինչն էլ կանաչ լույս դարձավ նախկին բալկանյան երկրի համար՝ դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ ճանապարհին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG