Մատչելիության հղումներ

Գիշերը հրկիզել են «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան


«Սյունյաց երկիր»-ի հրկիզված ավտոմեքենան, Կապան, 5-ը փետրվարի, 2019թ․

Գիշերը Կապանում հրկիզել են «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան: Գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը այս միջադեպը կապում է իրենց մասնագիտական գործունեության հետ, շեշտելով՝ վերջին երկու տարիներին իրենց վրա բազմաթիվ այլ հարձակումներ էլ են եղել, որոնց մեղավորներին իրավապահները չեն բացահայտել:

«Սյունյաց երկիր»-ի խմբագիրը նշում է, որ իրենց թերթը հիմնականում անդրադարձել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ փորձելով պարզել սեփականատերերին, նաև խնդիրներ է ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ:

«Գնահատում եմ դա որպես մեր մասնագիտական աշխատանքների պատճառով կատարված հանցագործություն, ուրիշ խնդիր ես չեմ տեսնում, ուրիշ պատճառ չեմ տեսնում: Մեր թերթի առաքելությունը 15 տարի շարունակ այդ է՝ լուսաբանել Սյունիքի մարզը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ալեքսանյանը՝ շարունակելով․ - «Պարզապես մի ոլորտ կա, որ ցավագին է ընդունվում: Մենք ժամանակին նախորդ մարզպետին՝ Վահե Հակոբյան անունով մարզպետ ունեինք, նրա գործունեության հետ համաձայն չէինք, և բավականին շատ նյութեր հրապարակվում էր այդ ուղղությամբ, լուսաբանվում էր: Մենք բավականին շատ հոդվածներ ունենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, և այդ խնդիրները հանգում էին պարզագույն մի հարցի՝ մենք ընդամենը ուզում էինք ճշտել, թե ովքեր են Քաջարանի կոմբինատի սեփականատերերը, ովքեր էին մասնավորեցման ժամանակ՝ 2004 թվականին, և ովքեր են հիմա, և ինչ ճանապարհով է տեղի ունեցել սեփականության վերաբաշխումը: Այդ էինք ուզում իմանալ»:

«Վերջին երկու տարում բազմաթիվ դեպքեր են տեղի ունեցել՝ կապված թերթի հետ և խմբագրի հետ՝ ինձ հետ, սակայն որևէ դեպք ընթացք չի ստացել: Ընդամենը 18 թվականի օգոստոս ամսին հենց այստեղ՝ նույն շենքի բակում, օրվա վերջին խմբագրի վրա՝ ինձ վրա տեղի է ունեցել հարձակում, և մինչև էսօր էդ գործը չի բացահայտվել, հարուցված քրեական գործն էլ կարճել են», - ասաց խմբագիրը:

«Թերթի շուրջ տեղի են ունենում բազմաթիվ զարգացումներ, որոնք, ցավոք սրտի, միակողմանի են ընթանում: <...> Այսինքն, սա նախկինում տեղի ունեցած, վերջին երկու-երեք տարում տեղի ունեցած իրադարձությունների շարունակությունն է, և չգիտենք, թե, ասենք, վաղը նորից ինչ կարող է լինել: Այս մի հարձակումը կապում եմ նախորդ բոլոր հարձակումների շարունակության հետ: Մենք բարձրացնում ենք հարցեր, որոնք, առնվազն, Քաջարանի կոմբինատի ծպտված, թաքնված բաժնետերերին դուր չի գալիս», - պնդեց Սամվել Ալեքսանյանը:

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, մինչդեռ, ասում է՝ «Սյունյաց երկիր» թերթը տարիներ շարունակ իր մասին ապատեղեկատվություն է տարածել, ինչի կապակցությամբ իրենք դատարան են դիմել և բոլոր հարցերը մշտապես լուծել են իրավական հարթությունում:

«Ազատության» հետ զրույցում Հակոբյանը հայտնեց, որ միջադեպի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: Խմբագրի պնդմանը, որ խնդիրներ չի ունեցել որևիցե մեկի հետ՝ բացառությամբ նախկին մարզպետի և Պղնձամոլիբդենային կոմբինատի, նա հակադարձեց․ - «Ինքը միգուցե խնդիր ունի, ես՝ ոչ, իր հետ: Այսինքն, այո, այդ Ձեր նշած լրատվականը տարիներ շարունակ պարբերաբար տարածում է իրականությանը չհամապատասխանող, զրպարտող բնույթի տեղեկատվություն, նույնիսկ՝ անձնական վիրավորանքներ, բայց մենք գնում ենք բացառապես օրենքի ճանապարհով, օրինական ճանապարհով, ինչի տրամաբանությունն է այսօր դատարաններում քննվող տասնյակից ավելի հայցադիմումները»:

«Հետո, վերջիվերջո, ես վստահ եմ, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները պարզելու համար, և այդ ժամանակ պարզ կդառնա, թե իրականում ինչ է տեղի ունեցել՝ արդյո՞ք սա սովորական պատահար էր, միտումնավոր հրկիզում էր, թե՞ ինքնափիառի հերթական փորձ», - հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG