Մոսկվայում այսօր մեկնարկում են Աֆղանստանի հարցով երկօրյա խաղաղ բանակցություններ, որոնց մասնակցում են այդ երկրի բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ այդ թվում նախկին նախագահ Համիդ Քարզայը, սակայն բացակայում են կառավարության պաշտոնական ներկայացուցիչները:
Աֆղանստանի նախագահական վարչակազմի կողմից քննադատության ենթարկված մոսկովյան այս հանդիպումը, ամենայն հավանականությամբ, փորձ է՝ ընդլայնելու 17 տարի շարունակվող ներքին հակամարտությունը կարգավորելու հարցով խաղաղ գործընթացը:
Պաշտոնական Մոսկվան, հերքելով պնդումները, հավաստիացնում է, թե առնչություն չունի միջաֆղանական այդ բանակցություններին, սակայն քիչ հավանական է, որ Ռուսաստանի մայրաքաղաքում միջազգային մակարդակի նման միջոցառումը կազմակերպվի առանց Կրեմլի հավանության:
Աֆղանստանի վարչապետ Աբդուլա Աբդուլան հայտարարել է, որ աֆղանական կառավարությունը պետք է լինի «ցանկացած խաղաղ բանակցությունների կենտրոնում», և նշել է, թե «կնախընտրեր, որ մոսկովյան հանդիպումը անցներ այլ ձևաչափով»: Աբդուլայի խոսքով՝ խաղաղության հասնելու ճանապարհին գլխավոր խոչընդոտը թալիբներն են: