Մատչելիության հղումներ

Մայր Աթոռի պատվիրակներն այցելել են Անկարա, հանդիպել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ


Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյան, արխիվ
Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյան, արխիվ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում ընդունել է Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Խաժակ արք. Պարսամյանին: Այս մասին հաղորդում է Պոլսի «Ժամանակ» օրաթերթը:

Խաժակ սրբազանին ուղեկցել են Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթեշյանն ու Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի ղեկավար Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Հայտնի է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության հարցը:

«Ժամանակ»-ը, կարևորելով այս հանդիպումը, գրում է, թե արքեպիսկոպոս Պարսամյանն ու վարդապետ Անանյանը Անկարա էին ժամանել որպես Ամենայն Հայոց կաթողիկոսի պատվիրակներ: «Ըստ էության, պատրիարքական աթոռի թափուր մնալուց ի վեր, վերջին 11 տարում առաջին անգամ ուղղակի շփում է հաստատվում Անկարայի ղեկավարության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջև: Պատրիարքական առկախյալ ընտրության հարցի շուրջ նման երկխոսությունը, անշուշտ, լուծման ճանապարհին դրական ազդակ կարող է լինել, մանավանդ որ հանդիպման ձևաչափն աննախադեպ է», - գրում է Ստամբուլի հայկական օրաթերթը:

Իբրև պատմական ակնարկ, պարբերականը հիշատակում է՝ հանրապետական Թուրքիայի պատմության մեջ երկրորդ անգամ է, որ պատրիարքական ընտրության հարցի շուրջ կապ է հաստատվում Անկարայի և Մայր Աթոռի միջև: 1950-ականներին, երբ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցը փակուղում էր հայտնվել, Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ վեցերորդ Չորեքչյանը նամակ էր հղել Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Ջելալ Բայարին, ինչին հաջորդել էր Պատրիարքի ընտրության խնդրի լուծման գործընթացը: 1961 թվականին էլ Վազգեն առաջին կաթողիկոսն էր պաշտոնական այց կատարել Թուրքիա: Անկարայում նրան ընդունել էր նախագահ Ջեմալ Գյուրսելը: Իսկ 2006-ին Ստամբուլ այցելած Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը քաղաքավարական այց էր կատարել Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերին:

Նշելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երբևէ լուռ չի մնացել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության խնդրի վերաբերյալ, թերթն ընդգծում է՝ այնուհանդերձ, այս այցը չի կարելի հարցին միջամտություն համարել: «Պատվիրակները նախարար Չավուշօղլուին են ներկայացրել հայության ընդհանուր ակնկալիքը՝ եկեղեցական իրավունքի, կարգ ու կանոնի համաձայն», - գրում է «Ժամանակ»-ը:

Վերջին տասնամյակում Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության հարցը Ստամբուլի հայ համայնքի օրակարգում է: Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը 2008-ից անբուժելի հիվանդ է և փաստացիորեն չի կարող կատարել իր պարտականությունները: Թուրքական իշխանությունները, սակայն, չեն արտոնում նոր Պատրիարքի ընտրություն անցկացնել՝ այն հիմնավորմամբ, թե Մեսրոպ Մութաֆյանը դեռ ողջ է, նրա առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ չեն համարվում, հետևաբար՝ ընտրության համար անհրաժեշտ պայմաններ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG