Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին


Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունը:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ և որոշումը կհրապարակի փետրվարի 7-ին ժամը 12:00-ին:

Քոչարյանի փաստաբանները վիճարկում են առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ին որոշումը՝ ևս երկու ամսով երկարաձգել երկրորդ նախագահ, Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանքը:

Վերաքննիչ քրեական դատարանում գործը քննում է դատավոր Մնացական Հարությունյանը: Քոչարյանը պաշտպան Հայկ Ալումյանը նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում նշեց, որ, ի տարբերություն առաջին ատյանի դատարանի, վերաքննիչ ատյանում կանխակալ մոտեցում դատավարության ընթացքում չեն տեսել:

Այսօր շուրջ 7 ժամ տևած նիստում դատախազությունը ներկայացրել է իր առարկությունները, իսկ վերջում, ինչպես Ալումյանը տեղեկացրեց, Ռոբերտ Քոչարյանը մոտ կես ժամ ելույթ է ունեցել, որի ընթացքում անդրադարձել է իրեն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներին:

Այսօր տեղեկություններ տարածվեցին նաև այն մասին, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Տեղեկությունը ՀՔԾ-ից չհերքեցին: Փաստաբան Ալումյանը Սերժ Սարգսյանի հարցաքննության մասին ոչինչ չգիտեր, բայց նշեց, որ գործով մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հարցաքննություն կա:

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG