Մատչելիության հղումներ

ՀԱԷԿ-ին տուրբոգեներատոր է մատակարարվել


«Ռոսատոմ» պետկորպորացիան իրականացրել է Հայկական ԱԷԿ-ին տուրբոգեներատորի մատակարարումը։

«ՀԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի շրջանակում, որպես այդպիսին, դա «Ռոսատոմ»-ի կողմից մատակարարված երկրորդ տուրբոգեներատորն է։ Նախագիծն իրականացնում է Պետկորպորացիայի համակարգում ընդգրկված «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը։ Նոր սերնդի սարքավորումը թույլ կտա բարձրացնել կայանի արդյունավետությունն ու ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Առաջին տուրբոգեներատորը մատակարարվել է 2017 թվականին, ինչի արդյունքում փոխարինվել է 1970 թվականից աշխատող հին սարքավորումը», - ասված է «Ռոսատոմ»-ի հաղորդագրությունում:

«ՀԱԷԿ-ում սարքավորումների արդիականացումից հետո, որն ենթադրում է նաև տրանսֆորմատորների, տուրբինների, կոնդենսատորներերի և այլ սարքավորումների փոփոխումը, նույն քանակությամբ սպառվող վառելիքից մենք կարտադրենք մոտ 40 ՄՎտ-ով ավելի էլեկտրաէներգիա, քան ներկայում արտադրվում է: Մեծացնելով օգտակար գործողության գործակիցը, հնարավոր կլինի նվազեցնել արտադրվող էներգիայի մեկ միավորի ինքնարժեքը, որը շատ կարևոր է բացթողման գների կայունացման համար», - նշել է Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը։

Երկրորդ տուրբոգեներատորի տեղադրումը կիրականացվի 2019 թվականին մեքենայական սրահում իրականացվող մոնտաժման ու գործարկման համալիր աշխատանքների շրջանակում՝ էլեկտրաէներգիայի գեներացիայի համակարգերի արդիականացման ընդհանուր նախագծով։ Այդ աշխատանքները սկսվել են 2018-ի ապրիլին և կշարունակվեն մինչև այս տարվա վերջը։ Մեքենայական սրահում տարվող աշխատանքներին զուգահեռ՝ 2019-ին կսկսվեն նաև կայանի հիմնական համակարգերի անվտանգության բարձրացման աշխատանքները։

«Հայկական ԱԷԿ-ի արդիականացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները արդեն առաքվել են կամ 2019-ի ընթացքում կառաքվեն», - ասել է «Ռուսատոմ Սերվիս» ընկերության նախագծերի կառավարման գծով տնօրենի տեղակալ, ռուսական կողմից ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ղեկավար Վլադիմիր Բրեդովը։

Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի կյանքի երկարաձգման ծրագրի հիմնական նպատակներն են ռեսուրսների վերականգնումը և կայանի աշխատանքի երկարացումը մինչև 10 տարի, ատոմակայանի անվտանգության ու արդյունավետության մակարդակի բարձրացումը: Նախագծով նախատեսված բոլոր աշխատանքները կավարտվեն 2021 թվականի վերջում։

Հայկական ԱԷԿ-ը տարածաշրջանի միակ ատոմակայանն է, շահագործման մեջ է գտնվում 2-րդ էներգաբլոկը, որն ապահովում է Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 40 տոկոսը, ասված է հաղորդագրությունում:

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան գլոբալ տեխնոլոգիական առաջատարներից է։ «Ռոսատոմ»-ը միավորում է ավելի քան 300 ձեռնարկություններ և կազմակերպություններ, այդ թվում՝ Ռուսաստանի ատոմային ոլորտի բոլոր քաղաքացիական ընկերությունները, գիտահետազոտական կենտրոնները և աշխարհի միակ ատոմային նավատորմը: Հայաստանում «Ռոսատոմի» առանցքային նախագիծն է՝ Հայկական ԱԷԿ֊ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը: «Ռոսատոմ» ընկերությունը իրականացնում է նաև ատոմային կայանի համար վառելիքի մատակարարարումը», - նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG