Մատչելիության հղումներ

«Բացառում եմ, որ «Իմ քայլը» դակիչի դեր ստանձնի խորհրդարանում». Մակունց


«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը բացառում է, որ «Իմ քայլը» դակիչի դեր կատարի խորհրդարանում։ Այդ մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Մակունցը՝ ի պատասխան հարցին, թե Ազգային ժողովում դակելո՞ւ են իրենց իսկ կառավարության ներկայացրած նախագծերը, թե՞ փորձելու են լուրջ քննարկումների արդյունքում բարեփոխել, լրամշակել դրանք, կամ՝ մերժել։

«Այս ընթացքում առիթ եղել է արդեն, որպեսզի ասեմ, որ «Իմ քայլը» խմբակցությունում ներկայացված պատգամավորներն իրենց ոլորտներում պրոֆեսիոնալներ են, կայացած անհատականություններ են և մարդիկ, ովքեր մեծ եռանդով ու նվիրումով մուտք են գործել խորհրդարան։ Կարծում եմ՝ առաջին շաբաթը նաև ինչ-որ կերպ փոխանցեց այն տրամադրությունը և այն մոտեցումները, որոնք ունեն ներկայիս պատգամավորները։ Ես առհասարակ բացառում եմ, այսպես ասած, դակիչի դեր կամ գործառույթ ստանձնելը «Իմ քայլը» խմբակցության կողմից, որովհետև արդեն իսկ ունենք շատ բուռն քննարկումներ, մոտեցումներ, և այն, ինչ խորհրդարանում ներկայացվում է, իրականում մենք չգիտենք, թե ինչի ենք ականատես լինելու խորհրդարանում, բայց այն, ինչ ներկայացվում է Ազգային ժողովի նիստերին, դա արդյունքն է շատ ծավալուն և թեժ քննարկումների», - ասաց Մակունցը։

Անդրադառնալով պարգևավճարների շուրջ ծագած հասարակական դժգոհությանը՝ Մակունցն ընդգծեց՝ իրենց համար կարևոր է, որպեսզի այն հարցը, որը հուզում է հանրությանը, և այն անարդարության զգացումը, որը եղել է՝ լուծվի։

«Պարգևավճարների հետ կապված այն բուռն արձագանքը, որը եղավ հանրության կողմից և նաև մամուլում տեղ գտավ, կարևոր ազդակ էր մեզ համար։ Անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի մենք համապարփակ և խորապես ուսումնասիրենք խնդիրը, հասկանանք՝ այն որտեղից է գալիս։ Ինչ վերաբերում է փաթեթ մշակելուն, հանդիպումներ կազմակերպելը տարբեր գերատեսչությունների հետ հենց դրան է միտված, փաթեթի մշակումը հետևյալով է պայմանավորված, թե որպես օրենսդիր մենք արդյո՞ք այստեղ ունենք անելիք, թե՞՝ ոչ, և ո՞րը կարող է լինել մեր անելիքը։ Օրինակ՝ այս քննարկումների արդյունքում խնդիրները հայտնաբերելով, մատնանշելով, վերհանելով, մենք կարող է հանդես գանք կա՛մ օրենսդրական նախաձեռնությամբ, կա՛մ օրենքում որոշակի փոփոխություններ անելով, կա՛մ, եթե կառավարության կողմից կարգավորումներով կարող է լուծվել, ուրեմն՝ համապատասխան առաջարկով հանդես գալ կառավարությանը», - ասաց Մակունցը։

Հարցին, թե անձամբ գտնո՞ւմ է, որ չարաշահում կա մարզպետների և առհասարակ գերատեսչությունների ղեկավարների պարգևատրումների հարցում, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը երկակի է. չարաշահումների մասին ինքս խոսել չեմ կարող այս պահին, որովհետև դա պետք է հստակ կարողանանք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, և համապատասխան մարմինները չարաշահումների մասին, կարծում եմ, որ հայտարարություններ կանեն։ Մեզ համար կարևոր է, որպեսզի այն հարցը, որը հուզում է հանրությանը, և անարդարության զգացումը, որ եղել է, որպեսզի այդ խնդիրը լուծվի։ Այստեղ կա մեկ այլ հանգամանք նաև՝ պաշտոնատար անձանց մեծ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասը աշխատավարձով ապրող պաշտոնյաներ են, ինչը նշանակում է, որ իրենք ունեն նույն խնդիրները, ինչ մեզանից գրեթե ամեն երկրորդը, և այդ պարագայում մի փոքր իսկապես շատ տհաճ և անհասկանալի կարգ է եղել, որ մարդ ինքն իրեն պետք է պարգևատրի և ոչ թե վերադասը։ Այնպես որ, ես միանշանակ ընդունում եմ, որ այստեղ խնդիր կա և սա պետք է վերանայել»։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG