Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանն ակնհայտ ստում է․ ՀԱԿ ներկայացուցիչ


Հայաստան - Հարգանքի տուրք «Մարտի 1»-ի 10 զոհերի հիշատակին, Երևան, 1-ը մարտի, 2013թ.

Բոլոր հնարավոր փաստերն ու իրողությունները ապացուցում են, որ բանակը 2008-ի արյունալի իրադարձություններում ներգրավվել է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի ուղիղ հրամանով: «Ազատության» հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը` հակադարձելով Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին:

«Այն իրողությունները, որ հետագայում եղել են` մինչև Քոչարյանի պաշտոնավարման ավարտը, ակնհայտ ցույց է տալիս մի բան, որ բանակի ներգրավումը և բանակը քաղաքական գործընթացների ակտիվ մասնակցությունը կատարվել է Ռոբերտ Քոչարյանի հրամանով», - ասաց Խաչատրյանը:

Նախօրեին Վերաքննիչ քրեական դատարանում դռնփակ նիստում Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել մարտի 1-ի և նախորդող օրերի իրադարձությունների մասին, լրագրողներին փոխանցել է Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը: Ըստ պաշտպանի՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ինչպես Պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ՝ 0038 հրամանը, ո՛չ իր, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի ժամանակ երբևիցե չեն ուղարկվել նախագահական, որ նախագահը դրանց ծանոթանա կամ իր հավանությունը տա:

Արմեն Խաչատրյանը բացառում է, որ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չի եղել 0038 հրամանի մասին. «Հերթական սուտն է, որովհետև չի կարող Զինված ուժերը պաշտպանական շրջաններից, սահմանից Զինված ուժերը տեղակայում փոխեն դեպի մայրաքաղաք, և դրանից տեղյակ չլինի Գերագույն գլխավոր հրամանատարը։ Չէ՞ որ էդ հրամանով սահմանվել են պաշտոններ, սահմանվել է, ասենք, հակասահմանադրական Երևանի կայազորը, որը չկա Սահմանադրությամբ կամ Պաշտպանության մասին օրենքով, չկա Երևանի կայազոր հասկացություն։ Սա արդեն բանակում կառուցվածքային փոփոխություն է։ Չէր կարող Գերագույն գլխավոր հրամանատարը տեղյակ չլինել, որ կազմավորվում է Երևանի կայազոր, որի տակ դրվում են այս հրամանով նշված զորամիավորումների շտաբներ, հրամանատարներ, անձնակազմ և այլն»։

Պաշտպանը փոխանցել է նաև, թե Քոչարյանն ասել է՝ տեղեկատվություն էր ստանում, որ բանակում աշխատանքներ են տարվում, որ զինվորականները, պաշտպանության փոխնախարարներ Գագիկ Մելքոնյանը և Մանվել Գրիգորյանը, որը նաև Երկրապահ կամավորականների միության ղեկավարն էր, միանան ցուցարարներին, ինչպես նաև երկրապահ կամավորականները: Այդ իրավիճակում ցուցում է տվել Պաշտպանության նախարարին, որ ապահովի բանակի չեզոքությունը, և բանակը չներգրավվի այդ գործընթացներում:

Արմեն Խաչատրյանի խոսքով՝ եթե ընդդիմության կողմից քաղաքական գործընթացներում բանակը ներգրավելու կասկածներ անգամ լինեին, ապա 2008-ին այս մեղադրանքներով քրեական գործերի պակաս չէր լինի:

«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2008 թվականի մարտի 1-ին հարուցված քրեական գործով, իրենց կողմից իրենց օպերատիվ աշխատողներն էին, իրենց քննիչներն էին, իրենց դատախազներն էին, ընդդիմության առաջնորդներից որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել այդպիսի բովանդակությամբ։ Անգամ որևէ խոսք չի եղել դրա մասին։ Պատկերացրեք, եթե լինեին այդպիսի գործողություններ, ինչպիսի մեղադրանքներ կառաջադրվեին այն ժամանակ։ Ընդամենը Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը հայտարարել են, որ բանակցում են պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի հետ, որպեսզի բանակը չներգրավվի։ Շատ կարևոր արտահայտություն կար էդ խոսքում՝ նրանք իրենց հայտարարում էին Ազատության հրապարակում կանգնած ժողովրդի անվտանգության երաշխավորը», - ասաց Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է բանակի չեզոքությունը պահպանելու՝ Ռոբերտ Քոչարյանի պնդումներին, ՀԱԿ անդամը հիշեցնում է․ «Ակնհայտ ստեր են, ասեմ, թե ինչու. առաջինը՝ Ռոբերտ Քոչարյանը արտակարգ դրության հրամանագրով ամսի 1-ին, արդեն իր հրամանագրով բանակը ներգրավել է քաղաքական գործընթացին, որի սահմանադրական իրավասությունները չի ունեցել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG