Կաբո Վերդեում ոստիկանությունը ձերբակալել է նավահանգստում խարիսխ գցած ռուսական նավի 11 նավաստիների և առգրավել է 9,5 տոննա կոկաին: Դա թմրանյութի ամենամեծ խմբաքանակն է, որը երբևէ հայտնաբերել են Կաբո Վերդեի իրավապահները:
Կաբո Վերդեում Ռուսաստանի դեսպանությունը հաստատել է նավաստիների ձերբակալության փաստը և հայտնել է, որ նրանք այսօր կկանգնեն դատարանի առաջ:
Ռուսական նավը Հարավային Ամերիկայից պետք է հասներ Մարոկո և Կաբո Վերդեում կանգ է առել անձնակազմի անդամներից մեկի մահվան կապակցությամբ:
Կաբո Վերդեն Աֆրիկայի մայրցամաքից մոտ 600 կիլոմետր արևմուտք՝ Ատլանտյան օվկիանոսում գտնվող մի շարք կղզիներից կազմված պետություն է, որտեղ բնակվում է մոտ կես միլիոն մարդ:
Կաբո Վերդեն տարիներ շարունակ պայքար է մղում տարատեսակ թմրամիջոցներ մաքսանենգ ճանապարհով փոխադրող և կղզիներում կանգ առնող հանցավոր խմբերի դեմ: