Մատչելիության հղումներ

Թուրք֊վենեսուելական վերջին գործարքները մտահոգել են Վաշինգտոնին


Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն (ձ) և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարակասում, Նախագահական նստավայրում, 3֊ը դեկտեմբերի, 2018թ.
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն (ձ) և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարակասում, Նախագահական նստավայրում, 3֊ը դեկտեմբերի, 2018թ.

Միացյալ Նահանգները չի բացառում, որ կարող է Անկարայի դեմ քայլեր ձեռնարկել, եթե պարզվի, որ Թուրքիան շրջանցել է Վենեսուելայի դեմ սահմանված պատժամիջոցները, «Ռոյթերզին» ասել է Ամերիկայի ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյան՝ ընդգծելով, որ Վաշինգտոնն այժմ հետաքննում է թուրք-վենեսուելական վերջին առևտրային գործարքները: Ավելին, այս հարցը քննարկելու համար Ամերիկայի Ֆինանսների նախարարի՝ ահաբեկչության ֆինանսավորամն հարցերով օգնական Մարշալ Բիլինգսլին այսօր մեկնել է Անկարա, որտեղ հանդիպումներ կունենա Թուքրիայի կառավարության հետ:

Ամիսներ առաջ՝ Վենեսուելայում սկսված բողոքի ցույցերից ու ընդդիմության դեմ շարունակական բռնաճնշումներից հետո, Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց Կարակասից ոսկու արտահանումների վրա: ֊ «Մադուրոյի վարչակազմն այս ոլորտը օգտագործում է իր ապօրինի գործողությունները ֆինանսավորելու, հանցախմբերին աջակցելու համար», ֊ հայտարարել էր Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: ֊ «Այս վարչակազմի օրոք Միացյալ Նահանգներն այլևս չի հանդուրժելու մեր սահմանից քիչ հեռու գործող բռնապետերին ու դիկտատորներին, մարդասպաններին ու հանցագործներին: Մենք առաջ կտանենք անկախությունն ու ազատությունը մեր հարևան երկրներում: Գործող նախագահը ու նրա ողջ վարչակազմը կկանգնեն ազատության համար պայքարողների կողքին», ֊ ասել էր նա:

Չնայած պատժամիջոցներին՝ անցած տարի Թուրքիան ավելի քան 23 տոննա ոսկի է գնել Վենեսուելայից՝ 900 միլիոն դոլար արժողությամբ: Դա է փաստում Թուրքիայի՝ արտահանումների ու ներմուծումների մասին պաշտոնական վիճակագրությունը: Ըստ նույն աղբյուրի, վենեսուելական 23 տոննա ոսկին Թուրքիա է հոսել անցած տարվա առաջին ինն ամիսների ընթացքում՝ մինչև ամերիկյան պատժամիջոցների սահմանումը, ինչն էլ կասկածներ է առաջացրել Վաշինգտոնում:

Ամերիկայի Ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյան «Ռոյթերզի» հետ զրույցում չի թաքցրել՝ Վաշինգտոնը հիասթափված է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Վենեսուելայի նախագահին: Նախագահ էրդողանը անցած շաբաթ, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչել էր ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի իշխանությունը, զանգահարել էր Մադուրոյին, կոչ արել գլուխը բարձր պահել ու դիմանալ ճնշումներին: Ավելին, Մադուրոյի հետ հեռախոսազրույցում Էրդողանը նրան բնորոշել էր որպես իր եղբայր, ու պնդել՝ իր իշխանավարման օրոք Թուրքիան նրան երբեք չի դավաճանի:

Արևմտյան լրատվամիջոցները փաստում են, որ բռնապետական կառավարմամբ հայտնի երկու առաջնորդները սերտ հարաբերություններ ունեն, որոնց հիմքում ոչ միայն գաղափարական հայացքներն են, այլև՝ տնտեսական կապերը:

«Ամիսներ առաջ Անկարան ու Կարակասը հայտարարեցին, թե ոսկու և ածխի արդյունահանման համատեղ ձեռնարկություններ են բացում» ֊փաստում է «Բլումբերգը». ֊ «Վենեսուելայում վաճառվող պարենի մեծ մասը թուրքական արտադրության է, և մինչ արևմտյան խոշոր ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները, «Թուրքական ավիաուղիները» շաբաթական երեք չվերթ է կատարում դեպի Կարակաս, Թուրքիան էլ տոննաներով վենեսուելական ոսկի է ստանում, որի արդյունահանումը վերահսկվում է հանցախմբերի ու բանակի կողմից»:

Ընդ որում, ըստ արևմտյան մամուլի, Վաշինգտոնում կասկածներ ունեն, որ Կարակասից ստացած այդ ոսկիների մի մասը հետագայում Թուրքիայից փոխադրվում է Իրան՝ ոտնահարելով Թեհրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները: Անցած հուլիսին՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ, Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարի օգնականը բացահայտ ասել էր՝ «մենք արձանգրում ենք Թուրքիայի կողմից ոսկու մեծածավալ գնման փաստեր, և փորձում ենք հասկանալ՝ ինչ է կատարվում»:

«Եթե հաստատվի, որ Թուրքիան շրջանցում է ամերիկյան պատժամիջոցները, Վաշինգտոնը ձեռքերը ծալած չի նստի», ֊ «Բլումբերգին» ասել է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հավելելով. ֊ «Այս իրավիճակում, երբ Վաշինգտոնը խստացնում է սահմանափակումները, էրդողանը Մադուրոյի հետ իր գործարքներով կարծես միտումնավոր է հրահրում Միացյալ Նահանգներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG