Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին մեղադրել է «Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու կյանքին կոպտորեն միջամտելու» մեջ, այն բանից հետո, երբՈւկրաինայի ուղղափառ եկեղեցին անջատվեց Ռուսաց ուղղափառ եկեղեցուց:
Երեկ ելույթ ունենալով Ռուսաց ուղղափառ եկեղեցու պատրիարքր Կիրիլի (Կյուրեղի) գահակալության 10-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, Պուտինն ասել է, թե Ուկրաինայում նոր եկեղեցի հաստատելու հիմքում «իշխանության համար պայքար է, և դա թշնամանք և անհանդուրժողականություն է առաջացնելու»:
«Ռուսաստանը բացարձակ անընդունելի է համարում որևէ միջամտություն եկեղեցու գործերին», - երեկ հայտարարել է Պուտինը:
Այս տարվա հունվարի սկզբին Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքությունն Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն անկախություն (ավտոկեֆալիա) է շնորհել:
Դրանով ավարտվել է Ուկրաինայի կրոնական կյանքի նկատմամբ Ռուսաստանի հսկողությունը, որը տևել է ավելի քան 330 տարի:
«Ցավալի է, որ այդ գործընթացում ներքաշվել է նաև Կոստանդնուպոլսի պատրիարքությունը», - ասել է Պուտինը:
Ռուսաստանը կտրականապես դեմ էր Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու անկախացմանը, որը կայացնելու ջանքերն Ուկրաինայում հատկապես ակտիվացել են 2014 թվականին Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցման երկրի արևելյան շրջանում ռուս անջատականների վարած զինյալ պայքարի կապակցությամբ:
«Մենք միշտ հարգել ենք եկեղեցու կյանքի անկախությունը հատկապես հարևան երկրներում: Այդուհանդերձ, մենք մեզ վերապահում ենք իրավունք՝ անել ամեն ինչ մարդու իրավունքները, այդ թվում՝ հավատացյալների իրավունքները պաշտպանելու համար», - երեկ ասել է Պուտինը: