Մատչելիության հղումներ

Փաշինյանը ժամանել է Բեռլին


Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Երեկ ուշ երեկոյան վարչապետը Քյոլնից ժամանեց Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին: Բեռլինում այսօր Երևանի ժամանակով ժամը 15։00-ին նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Բանակցությունների ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Սա Մերկել-Փաշինյան առաջին հանդիպումը չէ. թավշյա հեղափոխությունից ընդամենն ամիսներ անց՝ 2018-ի օգոստոսի վերջին Գերմանիայի կանցլերը ժամանել էր Հայաստան։

Բեռլինում այսօր նախատեսված են նաև Փաշինյանի հանդիպումները Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։

Այսօր կեսօրին Հայաստանի վարչապետը կայցելի Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ հանդես կգա ելույթով: Նշենք, որ այս հիմնադրամը վերջին տարիներին ակտիվորեն գործունեություն է ծավալում նաև Հայաստանում։

Երեկ Քյոլնում Հայաստանի վարչապետը հանդիպումներն ավարտեց հայ համայնքի հետ մեծ քննարկումով, որին մոտ 600 մարդ էր մասնակցում։ Գերմանիայի տարբեր քաղաքներից հայերը եկել էին՝ լսելու Հայաստանի վարչապետին, հարցեր ուղղելու։

Պարբերաբար անդրադարձ էր կատարվում ղարաբաղյան հակամարտությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարակուսանքով էր արձագանքում, թե ինչո՞ւ են հարցերում պարբերաբար հնչում «զիջումներ» ձևակերպումը։

«Որտեղի՞ց այդ տպավորությունը, թե մենք խոսում ենք փոխզիջումների մասին։ Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ հետևյալը՝ ինչո՞ւ են մեզ բոլորը հարցնում՝ պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե՞՝ ոչ: Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք: Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրա՞ստ են, թե՞՝ ոչ: Եվ հետևաբար ես մի քանի անգամ ասել եմ հրապարակային, որ մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել», - ասաց վարչապետ։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ փետրվարի վերջին պաշտոնական այցով լինելու է Իրանում։ Գերմանիայի հայերին նա ասաց, որ իր համար փախստականի կարգավիճակն անընդունելի է՝ նշելով՝ հայերը հիմա Հայաստանի պետության տերն են և ինքն էլ իրենց ծառան, «փոխվել է վիճակն, այլևս ղեկավարի ծառան չէ ժողովուրդը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG