Մատչելիության հղումներ

Թեհրանում կբացվի աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը


Պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը, 2015թ․

Վաղը Թեհրանում կբացվի աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների «Կորած պատմության հուշը» խորագրով ցուցահանդեսը:

Թուրքական Haber Türk-ի հաղորդմամբ՝ Ara Güler Universal նախագծի շրջանակում իրանական Nabshi մշակութային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում ծնվել է ցուցադրության գաղափարը, որի ընթացքում Գյուլերի արվեստի երկրպագուները հնարավորություն կունենան տեսնելու նրա հեղինակած 160 լուսանկար: Հատուկ պատրաստված թեմատիկ սրահներում կներկայացվեն Արա Գյուլերի մասին տեսանյութեր, նրա հարցազրույցները, նրան գրված նամակները, Պիկասոյի՝ Գյուլերի համար արված նկարի կրկնօրինակը:

Սրահներից մեկն էլ ձևավորվել է ստամբուլյան կոլորիտով՝ վերստեղծելով «Արա» սրճարանի միջավայրը, որտեղ հաճախ կարելի էր տեսնել մեծանուն արվեստագետին:

Ցուցահանդեսի բացմանը տեղի կունենա ռեժիսոր Ջոշքուն Արալի՝ Արա Գյուլերի կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող «Այս աշխարհը այսպիսի աշխարհ է» վավերագրական ֆիլմի պրեմիերան:

Շուրջ երեք տարվա աշխատանքի արդյունքում կյանքի կոչված Ara Güler Universal նախագծի հեղինակները պատրաստվում են այս ցուցահանդեսը տանել աշխարհի տարբեր քաղաքներ:

Միջազգային բազմաթիվ մրցանակների արժանացած նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերը վախճանվել է անցած տարվա հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան Շիշլիի հիվանդանոցներից մեկում: Գյուլերի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Սուրբ Երրորդության հայկական եկեղեցում, իսկ աճյունը ամփոփվել է Շիշլիի հայկական գերեզմանատանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG