Մատչելիության հղումներ

Վերաքննիչում շարունակվում է կալանքը երկարաձգելու դեմ Քոչարյանի բողոքի քննությունը


ՀՀ երկրրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը. նրանք վիճարկում են Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու առաջին ատյանի դատարանի հունվարի 18-ի որոշումը։

Բողոքի քննությունը սկսվել է երկու օր առաջ, սակայն այն ընդմիջվել էր, քանի որ, ըստ փաստաբան Արամ Օրբելյանի, դատախազությունը ժամանակ էր խնդրել՝ 60-էջանոց բողոքի նյութերին ծանոթանալու համար։

Օրբելյանի խոսքով՝ բողոքում հիմնականում նշված են, իրենց կարծիքով, առաջին ատյանի դատարանի թույլ տված խախտումները։

Հարցին, թե Քոչարյանն այսօր կմասնակցի՞ դատական նիստին, Օրբելյանը հստակ պատասխան չտվեց։

«Իմ գնահատմամբ՝ ինքը ցանկանալու է մասնակցել։ Նախորդ նիստին նրա ներկա չգտնվելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ գիտեինք, որ հետաձգվելու է. ակնհայտ էր, որ վարույթն իրականացնող մարմնին հարկավոր էր լինելու հավելյալ ժամանակ խնդրել, որպեսզի դիրքորոշում ներկայացնի, այդ իսկ պատճառով չէր ներկայացել: Այսօր կարծում ենք, որ ինքը ներկա կգտնվի, բայց մի քանի հանգամանքներ քննարկել ենք, որը հիմա չեմ կարող բացահայտել, որի հետ կապված ինքը կա՛մ ներկա կգտնվի, կա՛մ՝ չէ, բայց կարծում եմ, որ ներկա կգտնվի», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Օրբելյանը։

Ամենայն հավանականությամբ, Վերաքննիչ դատարանն այսօր չի հասցնի հրապարակել որոշումը։ «Ես օբյեկտիվորեն չեմ պատկերացնում, որ ուղղակի ֆիզիկապես հասցնենք ունենալ որոշում։ Կարող է տեսականորեն վարույթն այսօր ավարտվել, բայց որոշում չենք հասցնի ունենալ. դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ, և անհրաժեշտ կլինի ինչ-որ ժամանակ, չեմ իմանում՝ մեկ, երկու, թե երեք օր կլինի, բայց ժամանակ կլինի», - ասաց Օրբելյանը։

Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը դեկտեմբերի 7-ին կրկին կալանավորվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG