Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Աբովյանի բաժնի պետերն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։
Ոստիկանությունն այսօր պարզաբանում է տարածել՝ նշելով, որ «կադրային տեղաշարժերն ու փոփոխությունները մշտական գործընթաց են, ինքնանպատակ չեն և արվում են կոնկրետ ոլորտներում կոնկրետ ծառայողական խնդիրներ լուծելու համար՝ ուղղված իրավապահ գործունեության արդյունավետության բարձրացմանը»։
«Տվյալ դեպքում պաշտոնյաների ազատումը պայմանավորված է նաև օրեր առաջ մարզում տեղի ունեցած՝ հնչեղություն ստացած միջադեպով, որին մասնակցել էին մի քանի անձինք, և, ցավոք, մահվան դեպք էր արձանագրվել: Ոստիկանությունը հետևողական է բոլոր միջոցներով, այդ թվում և կադրային արդյունավետ քաղաքականության միջոցով ակտիվացնելու կանխարգելիչ աշխատանքները՝ հանրային վտանգ ներկայացնող միջադեպերը բացառելու համար», - ասված է ոստիկանության պարզաբանման մեջ։
Օրեր առաջ Ոստիկանությունը հաղորդեց, որ Աբովյան քաղաքի ռեստորաններից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, հնչել են կրակոցներ, կա մեկ զոհ, 6 վիրավոր։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ Աբովյանում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով մեկ անձ ձերբակալվել է։