Մատչելիության հղումներ

Շերմանը դատապարտել է Լոս Անջելեսի հայկական դպրոցների վրա թուրքական դրոշներ ամրացնելու վանդալիզմը


Լոս Անջելեսում Սան Ֆերնանդո շրջանում գտնվող հայկական երկու դպրոցների շենքերի վրա երեքշաբթի վաղ առավոտյան Թուրքիայի դրոշներ են ամրացվել:

Իրավապահները հետաքննություն են սկսել: Լոս Անջելեսի ոստիկանության մամուլի խոսնակ Ջեֆրի Լիին «Լոս Անջելես Թայմս»-ին ասել է, որ միջադեպերից մեկը ոստիկանությունում գրանցվել է որպես «ատելության հանցագործություն», մյուսը՝ «ատելության միջադեպ», չբացատրելով գործերի տարբերությունը: Հետաքննությունը ուսումնասիրում է անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները: Կասկածյալը նկարագրվում է սև զգեստներով ու դիմակավորված, միջահասակ անձնավորություն:

Դպրոցների վարչակազմերի ու տեղի պաշտոնյաների ներկայացուցիչները դատապարտել են այդ վանդալիզմը, պնդելով որ այն անհարգալից վերաբերմունք է հատկապես Հայոց ցեղասպանության զոհերի ընտանիքների հանդեպ:

«Հայկական հաստատությունների վրա թուրքական դրոշ ամրացնելը, դա նույնն է, թե սվաստիկա դնել հրեական սինագոգի վրա»,- ասել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կարեցը:

Կոնգրեսական Բրադ Շերմանը դատապարտելով վանդալիզմն ասել է. «Սա մասնավորապես դաժան է այն ընտանիքների անդամների նկատմամբ, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ»: Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատական կուսակցության անդամ կոնգրեսականը ոստիկանությանը կոչ է արել առաջնահերթ համարել վանդալիզմի հեղինակներին հայտնաբերելն ու ձերբակալելը:

Հայկական դպրոցների վրա ամրացված թուրքական մեկ տասնյակից ավելի դրոշները հանվել են ու Հայաստանի դրոշներ ամրացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG