Մատչելիության հղումներ

Խորհրդային նախկին հանրապետությունների բուհերի դիպլոմները այսուհետև չեն ճանաչվելու Իսրայելի կողմից


Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ այսուհետ նախկին խորհրդային հանրապետությունների բուհերի դիպլոմները չեն ճանաչվելու Իսրայելի կողմից: Բացառություն են կազմելու միայն մերձբալթյան 3 հանրապետությունները:

Այս թեմայով քննարկումները ծավալվեցին դեռ 2017-ի ամռանը, երբ հայտարարվեց, թե Իսրայելում հայտնաբերվել է Հայաստանից տրամադրված 200 կեղծ դիպլոմ, բացի այդ ձերբակալվել էին երեք արաբ բժիշկներ, որոնց մեղադրանք էր առաջադրվել Հայաստանից կեղծ դիպլոմ ձեռք բերելու համար: Սկանդալը նոր թափ ստացավ անցյալ տարի աշնանը, երբ հրեական ոստիկանությունը «Սպանության արտոնագիր» խորագրով օպերացիան իրականացրեց, որի արդյունքում 40 Իսրայելի քաղաքացի, ազգությամբ արաբ բժիշկ ու ուսանող ձերբակալեց: Արաբ պատգամավորները հրեական ոստիկանությանը մեղադրեցին խտրականության և էթնիկ անհանդուրժողականության մեջ՝ փաստելով, որ այդ թվում նաև Հայաստանում ուսանած ուսանողները կարողանում են հանձնել Իսրայելի առողջապահության նախարարության արտոնագիր ստանալու չափազանց բարդ պետական քննությունները:

Իսրայելում կա բժիշկների խիստ պակաս, բժշկական բուհերի քանակը սահմանափակ է, իսկ այնտեղ կրթությունը չափազանց թանկ, ինչի պատճառով շատերն են մեկնում արտերկիր բժշկական կրթություն ստանալու:

«Մենք տեսել ենք, որ Հայաստանը լիարժեք անդամ է Բոլոնիայի հռչակագրի, այն հռչակագիր է, որը ստորագրվել է Եվրոպական պետությունների կողմից՝ կրթության որակի և չափորոշիչներին համապատասխանելու անհրաժեշտությունից ելնելով ու հարց է ծագում, թե ինչու Իսրայելի առողջապահության նախարարությունն չի առաջնորդվում այդ հռչակագրով», - հարց է հնչեցնում հրեա իրավապաշտպան Հադաս Բրավեն, ով արդեն երկու տարի պայքարում է Հայաստանում, Մոլդովայում և մյուս նախկին խորհրդային երկրներում բժշկական բուհեր ավարտած ուսանողների դիպլոմների ճանաչման համար: - «Ստացվում է այնպես որ Հայաստանի բժշկական ցանկացած բուհի դիպլոմ 2019թ-.ից սկսած չի ճանաչվելու հետևաբար և շրջանավարտներին չի թույլատրվելու մասնակցել նախարարության բժշկական արտոնագիր ստանալու պետական քննություններին»:

Քննադատելով նախարարության այս որոշումը տիկին Բրավեն մատնանշում էր, որ այսօր երկրում աշխատող 10 բժշկից 7-ը կրթություն է ստացել արտասահմանում և տարիներ անց բժիշկների պակասի հիմնախնդիրն առավել կսրվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG