Մատչելիության հղումներ

Պորոշենկոն պաշտոնապես հայտարարում է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին


Ուկրաինա - Պետրո Պորոշենկոն պաշտոնապես հայտարարում է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, Կիև, 29-ը հունվարի, 2019թ․
Ուկրաինա - Պետրո Պորոշենկոն պաշտոնապես հայտարարում է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, Կիև, 29-ը հունվարի, 2019թ․

Ուկրաինայի գործող նախագահ Պետրո Պորոշենկոն պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրվելու մասին:

Ելույթ ունենալով իր աջակիցների հետ հանդիսավոր հանդիպմանը՝ Պորոշենկոն ասել է․ - «Մեծ պատասխանատվություն զգալով երկրի հանդեպ, ժամանակակիցների, անցյալի ու ապագա սերունդների հանդեպ, ես որոշում եմ կայացրել կրկին առաջադրվել նախագահական ընտրություններում»:

«Ես ընտրողներին խնդրում եմ ինձ մանդատ տալ՝ երաշխավորելու Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու անշրջելիությունը, երաշխավորելու մեր անկախության անշրջելիությունը, վերականգնելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը և խաղաղություն բերելու Ուկրաինային՝ Ուկրաինայի համար շահավետ պայմաններով», - հայտարարել է նա:

Շարունակելով իր ելույթը՝ Պորոշենկոն ասել է․ - «Ոչ ոք չի կարող պատկերացնել, անգամ մղձավանջային երազում, որ Եվրամիությունը կփակի շուկան մեր ապրանքների համար: 2024 թվականին մենք հայտ կներկայացնենք Եվրամիությանը միանալու համար: Եվ ես չեմ կասկածում, որ մենք կստանանք և կսկսենք իրականացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների պլանը»: Նա նաև խոստացել է, որ այս տարի Ուկրաինայում կգործի կոռուպցիոն գործերով դատարանը:

Պետրո Պորոշենկոյի խոսքով՝ խաղաղությունը նշանակում է Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիովին վերականգնում, ուրիշ ոչ մի տարբերակ հնարավոր չէ: «Խաղաղություն՝ նշանակում է մեր սեփական ճանապարհով ընթանալու իրավունքի անվերապահ ճանաչում Մոսկվայի կողմից», - հայտարարել է նա:

Պորոշենկոյի ելույթը հաճախ ընդհատվում էր ծափահարություններով:

Ուկրաինայի մեծահարուստներից մեկը համարվող, քաղցրավենիքի արտադրության մագնատ Պետրո Պորոշենկոն 53 տարեկան է, իշխանության է եկել 2014 թվականին: Նույն թվականին Ռուսաստանը բռնազավթել է Ղրիմը և աջակցում է Դոնբասի ռուսամետ անջատականներին:

Ուկրաինայի նախագահական ընտրություններն անցկացվելու են մարտի 31-ին: 41 մարդ արդեն դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով նախագահի թեկնածու գրանցվելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG