Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը դրական է գնահատում Հայաստան-Եվրամիություն հաճախակիացող շփումները։
Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերություններում առաջացած դադարը, ըստ Բադալյանի, մնում է անցյալում։
«Նախ շատ ողջունելի և շատ դրական է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերության որոշակի բացը և որոշակի դադարը, որն առաջացել էր թավշյա հեղափոխությունից հետո, ընդ որում՝ լիովին հասկանալի և օբյեկտիվ պատճառներով, էդ բացը և դադարը, կարծես թե, արդեն մնում է անցյալում։ Հաճախակիանում են շփումները, հաճախակիանում են նաև փոխայցերը, և էդ տեսանկյունից ինքնին արդեն էդ ռեժիմի ձևավորումը բավական դրական է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը։
Կարևորելով Եվրամիության ինտենսիվ մասնակցությունը Հայաստանում եվրոպական արժեքների արմատավորմանը, քաղաքական մեկնաբանը նշեց, որ ՀՀ-ԵՄ օրակարգի բուն խնդիրը՝ բովանդակային ծանրությունը պետք է կենտրոնացնել հենց այս հարցերի շուրջ։
«Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանին ոչ միայն զուտ ծավալային առումով ավելի շատ աջակցություն ցուցաբերվի, այլ նաև՝ որակական, և Եվրամիությունն առավել ինտենսիվ և առավել լայն ծավալի մասնակցություն ունենա Հայաստանում եվրոպական արժեքների արմատավորմանը՝ համակարգային, ինստիտուցիոնալ առումով։ Այս տեսանկյունից, կարծում եմ, որ առաջիկայում Հայաստան-Եվրամիություն օրակարգում բուն խնդիրը և բովանդակային ծանրությունը պետք է կենտրոնացնել այնտեղ», - ասաց Բադալյանը՝ շարունակելով. - «Իհարկե պետք է տեսնել, թե ընդհանրապես հարաբերություններն ինչպե՞ս կզարգանան՝ ավելի առարկայական իմաստով, որովհետև այսօր Եվրամիությունն էլ ունի իր խնդիրները, օրինակ՝ կապված բրիտանական «Բրեքզիթ»-ի հետ։ Այստեղ խնդիրը հետևյալն է՝ ի՞նչ է ցանկանում Եվրամիությունը, ի՞նչ է պատկերացնում Եվրամիությունը Հայաստանի հետ հարաբերության մասով ինքն իր կողմից և ինչքանո՞վ է պատրաստ նպաստել Հայաստանում նոր միջավայրի ձևավորմանը։ Այսինքն՝ Հայաստանում ներքին իրավիճակի փոփոխությունը նոր խնդիրների, նոր իրավիճակի, նոր իրողությունների առաջ է դնում Եվրամիությանը, և այստեղ ևս պետք են նոր մոտեցումներ՝ ըստ առաջացած խնդիրների»։
Վերլուծաբանի խոսքով՝ հայ-եվրոպական օրակարգում բավական մեծ աշխատանքային քննարկումների դաշտ է բացվում։
«Այսօր Հայաստանում շատ կարևոր խնդիր է բարեփոխումների իմաստով տնտեսական ստատուս քվոյի փոփոխությունը։ Մի կողմից պետք է թույլ չտանք սեփականության վերաբաշխում, մյուս կողմից մենք փոխենք տնտեսության մեջ կապիտալի քարտեզը, կապիտալի տեսակարար կշիռը՝ նոր որակի տնտեսական համակարգեր ձևավորենք, և այստեղ ևս, ես կարծում եմ, որ Եվրամիությունը կարող է մեծ անելիք և մեծ մասնակցություն ունենալ, և խնդիրն այն է, թե այս հարցին ինչպես կմոտենա Բրյուսելը։ Այնպես որ, կարծում եմ, հայ-եվրոպական օրակարգում աշխատանքային բավական մեծ քննարկումների դաշտ է բացվում, և շատ լավ է, որ համենայն դեպս հայտարարությունների մակարդակով պատրաստակամություն դրսևորում են երկու կողմն էլ՝ աշխատել նոր իրավիճակում և էապես ավելացնել աշխատանքի արդյունավետությունը», - ասաց Հակոբ Բադալյանը։