Մատչելիության հղումներ

Ժամանակն է պաշտպանելու Վենեսուելայի ժողովրդավարությունն ու բարգավաճումը. Ջոն Բոլթոն


ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի հանդեպ, որը կարող է ամենածանրը լինել փակուղի մղված նախագահ Նիկոլաս Մադուրոյի համար: Պատժամիջոցները սահմանվել են Վենեսուելայի պետական նավթային ընկերության նկատմամբ, ինչպես նաև սառեցվել է այդ ընկերության 7 միլիարդ դոլարի ակտիվները:

Պատժամիջոցների մասին երեկ կայացած համատեղ ասուլիսում հայտարարել են անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը և ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը:

«Այսօր ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նավթային պետական ընկերության դեմ՝ կանխելու ակտիվների օգտագործումը նախկին նախագահ Մադուրոյի կողմից: Մենք շարունակելու ենք օգտագործել մեր բոլոր դիվանագիտական ու տնտեսական գործիքները՝ աջակցելու ժամանակավոր նախագահ Գուայդոյին, խորհրդարանին ու Վենեսուելայի ժողովրդի ջանքերին՝ վերկանգնելու ժողովրդավարությունը» - ասել է Սթիվեն Մնուչինը:

Ջոն Բոլթոնը ասել է, թե ժամանակն է, որ աշխարհի պատասխանատու երկրները Գուայդոյին անհապաղ ճանաչեն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ։ Ժամանակն է պաշտապանելու Վենեսուելայի ժողովրդավարությունն ու բարգավաճումը․ - «Մենք շարունակում ենք մերկացնել Մադուրոյի և նրա կամակատարների կոռուպցիան: Այսօրվա գործողությունները երաշխավորում են, որ նրանք այլևս չեն կրող թալանել Վենեսուելայի ժողովրդի սեփականությունը»:

Ամերիկյան պատժամիջոցների հայտարարումից ժամեր անց Նիկոլաս Մադուրոն ասել է, թե դրանք անօրինական են։

«Ջոն Բոլթոնը մի քանի ժամ առաջ հայտարարել է պատժամիջոցների մասին։ Դրանք անօրինական են, միակողմանի, անբարո և հանցագործ: Այս գործողություններով ամերիկացիները փորձում են գողանալ մեր ընկերության մի մասը: Զգոն եղիր, Վենեսուելա», - հայտարարել է Մադուրոն:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավորվը ևս Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ասել է, թե Վենեսուելայի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները անօրինական են. - «Ռուսաստանը հնարավորինս կանի՝ աջակցելու Մադուրոյի կառավարությանը՝ Վենեսուելայի օրինական իշխանությանը»:

Վենեսուելայի պետական նավթային ընկերությանն է պատկանում նաև ԱՄՆ-ում գտնվող նավթամշակման Citgo Petroleum ընկերությունը: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը ասել է, թե Citgo Petroleum-ը կշարունակի աշխատել՝ վաստակած գումարները դնելով սառեցված հաշիվների վրա:

Միացյալ Նահանգները, Կանադան, Լատինական Ամերիկայի ու Եվրամիության խոշոր, ազդեցիկ երկրները պաշտպանում են Խուան Գուայդոյին: Իսկ մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան պաշտպանում են Նիկոլաս Մադուրոյին:

Human Rights Watch իրավապաշտապան կազմակերպությունը զգուշացրել է, որ Մադուրոն կարող է ուժի և բռնությունների դիմել՝ պահպանելու իր իշխանությունը:

Կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթն ասել է, թե հիմա ամենամեծ մտահոգությունն այն է, որ կառավարությունը չդիմի արյունահեղության՝ պահպանելու իր իշխանությունը:

Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, թե Վենեսուելայում որևէ բռնության պատասխանատուն կլինի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Ջոն Բոլթոնը ավելի վաղ Թվիթերում գրել էր, որ եթե Վենեսուելայի իշխանությունները ուժային մեթոդների դիմեն, պատասխան քայլերը շատ լուրջ կլինեն:

Իսկ Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն դիտարկում է Վենեսուելայի իրավիճակին ռազմական միջամտության հնարավորությունը՝ Բոլթոնն ասել է. - «Բոլոր տարբերակները սեղանի վրա են»:

Խուան Գուայդոն հեռուստահարցազրույցում ասել է, որ ուժային մեթոդների կողմնակից չէ․ ո՛չ դրսից միջամտությունը, ո՛չ ներսում ուժի կիրառումը ցանկալի չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG