Մատչելիության հղումներ

Թուրքիան ամբողջությամբ կոչնչացնի «Իսլամական պետություն» գրոհայիններին Սիրիայում․ Էրդողան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր հայտարարել է, թե մոտ ժամանակներս ամբողջությամբ կոչնչացնի «Իսլամական պետություն» զինված խմբավորման գրոհայիններին Սիրիայում:

Էրդողանը հավելել է, թե Թուրքիայի ջանքերով Սիրիայում՝ Եփրատից արևելք ընկած հատվածում կստեղծվի անվտանգության կայունության գոտի։ Էրդողանը այսօր հայտարարել է, որ ոչ միայն մտադիր է ամբողջությամբ ոչնչացնել ահաբեկիչներին Սիրիայում, այլ նաև կարգավորել սոցիալական ճգնաժամը, որպեսզի Թուրքիայի տարածքում այսօր բնակվող շուրջ չորս միլիոն սիրիացիները կարողանան վերադառնալ իրենց բնակավայրեր։

Թուրքիայի նախագահը այսօր Արևմուտքին մեղադրել է ահաբեկիչների դեմ պայքարում անզորության մեջ, ասելով․ - «Կան որոշակի ուժեր, որ աջակցում են ահաբեկիչներին։ Արևմտյան երկրները հասկացել են, թե ինչքան վտանգավոր է «Իսլամական պետությունը» միայն այն ժամանակ, երբ ահաբեկիչները սկսել են հենց իրենց սպառնալ»:

Էրդողանը հայտարարել է, թե արևմտյան երկրները «Իսլամական պետության» դեմ պայքարել են՝ զինելով մեկ այլ ահաբեկչական կազմակերպության՝ նկատի ունենալով քրդերին: Թուրքիայի առաջնորդը հավելել է, թե Սիրիայի արևելքում անվտանգության գոտի ստեղծելու շուրջ բանակցություններ է վարում թե՛ Մոսկվայի, թե՛ Վաշինգտոնի, և թե՛ բոլոր այն երկրների հետ, որ զինված ուժեր ունեն Սիրիայում և համոզմունք է հայտնել, որ հենց Թուրքիան է կայունություն բերելու Սիրիայի արևելք:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան մտադիր է առաջիկայում ռազմական գործողություններ սկսել քրդերի դեմ սիրիական Մանբիջ նահանջում, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հետաձգել էր գործողությունները քրդական ուժերի դեմ: Անցած շաբաթ էլ Թուրքիայի նախագահը Մոսկվայում սիրիական ճգնաժամը հերթական անգամ քննարկել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG