Մատչելիության հղումներ

Made in Armenia պիտակով ջինսերը շուտով Գյումրիից արտաքին շուկա դուրս կգան


Առաջիկայում Made in Armenia պիտակով ջինսե տաբատներն ու վերնազգեստները Գյումրիի արտադրամասից արտաքին շուկա դուրս կգան: Մեքենասարքավորումները տեղադրված են, փորձնական արտադրանքն էլ թողարկվում է: Տեղական «Ռ․ Զաքարյան» ընկերությունն է որոշել զբաղվել այս բիզնեսով, կառավարությունն էլ անցած շաբաթվա նիստում հարկային արտոնություն տրամադրեց՝ 3 տարի ժամկետով հետաձգելով սահմանին հումքի ձեռք բերման համար վճարվող ավելացված արժեքի հարկը:

Ընկերությունը պատրաստվում է շուրջ 1.4 մլրդ դրամի ներդրում անել հումքի ձեռք բերման համար, նաև ժամանակից սարքավորումներ են ձեռք բերել Իտալիայից ու Գերմանիայից: Նոր տեխնոլոգիաների ներդրմամբ պատրաստվում են «Զաքարյան» բրենդը եվրոպական ստանդարտներին համապատասխան դարձնել, սակայն խնդրի առաջ են կանգնել՝ Հայաստանում մասնագետներ չկան: - «Հիմա մենք եկանք այն փաստի առաջ, որ բերել ենք դրսից մասնագետներ, որոնք նաև վերապատրաստելու են աշխատելու են մեր հիմնարկում մի քանի տարի, մինչև ամեն ինչ կարգավորվի», - փաստեց ընկերության կոմերցիոն տնօրեն Լիլիթ Զաքարյանը:

Եթե կառավարությունը վերանայի Հարկային օրենսգիրքը և եկամտահարկի մասով ևս արտադրողներին արտոնություն տրամադրի, ավելի մեծ թվով աշխատատեղեր բացելու հնարավորություն կստեղծվի: Այս պահին ընկերությունը 46 աշխատող ունի, առաջիկայում թիվը կհասնի 100-ի:

«Մենք ունենք նախնական պատվերներ, որ արդեն մեր պատրաստի արտադրանքին են սպասում, որ ֆիքսենք արդեն փաստաթղթային: Հիմնական թիրախային շուկան Ռուսաստանն է, նաև Եվրոպայից կան պատվերներ», - նշեց ընկերության կոմերցիոն տնօրենը:

Արտադրանքը իրացվելու է նաև տեղում, սակայն Զաքարյանի խոսքով՝ իրենց արտադրությունը բավական մեծ է տեղական շուկայի համար՝ «տեղական շուկան դա հինգ տոկոսն է ընդհանուր մեր արտադրության»:

Ընկերության ներկայացուցիչն ասում է՝ դրսում հայ արտադրողների նկատմամբ վստահություն չկա, դրանում համոզվել են արտերկրում անցկացվող ցուցահանդեսներին մասնակցելով․ - «Չեն վստահում Հայաստանի արտադրողներին, որովհետև որակ չեն ապահովում: Դրա համար մեր նպատակը այն էր, որ դնենք բարձր տեխնոլոգիապես զարգացած արտադրություն և ինքը ունենա բարձր որակ, որը չզիջի նույնիսկ եվրոպական որակին»:

Արդյոք հայկական արտադրության ջինսերը կկարողանան մրցակցել, արտասահմանյան, հատկապես Հայաստանում առավել շատ սպառում ունեցող թուրքական հագուստի հետ՝ հարցին էլ Լիլիթ Զաքարյանը արձագանքեց․ - «Այս պայմաններում, որ Մաքսային միության մեջ ենք, այդ արտոնություններից օգտվելով և այլն, մենք ստացել ենք ինքնարժեք, որը լիովին մրցունակ է Թուրքիայից ներկրված ապրանքների համեմատ: Մենք կարող ենք նույնիսկ իրենց հետ մրցակցել գնային առումով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG