Մատչելիության հղումներ

Երվանդ Քոչարի թանգարանը արդիականացման և տարածքների ընդլայնման խնդիր ունի


Armenia -- Yervand Kochar Museum in Yeravan. Undated.

Երվանդ Քոչարի թանգարանն այս տարի հունիսի 22-ին կնշի հիմնադրման 35-ամյա հոբելյանը:

Թանգարանը հիմնվել է Վարպետի մահից 5 տարի անց՝ 1984 թվականին այն տեղում, որտեղ գնվում էր նրա արվեստանոցը:

Ի դեպ, աշխարհում ընդամենը երկու թանգարան կա, որտեղ ներկայացված է Երվանդ Քոչարի տարածական կերպարվեստը․ Երևանում գտնվող նրա թանգարանն ու Փարիզի Ժորժ Պոմպիդուի կենտրոնը:

Օրերս Երվանդ Քոչարի թանգարանում նշվեց նրա մահվան 40-ամյա տարելիցը: Թանգարանի տնօրենն է նրա թոռնուհին՝ արվեստաբան Կարինե Քոչարը:

«Ազատության» հետ զրույցում նա շեշտում էր, որ թանգարանն աշխույժ մշակութային կենտրոն է, որը կարևոր դեր է խաղում պատմական ավանգարդի ուսումնասիրության և հանրահռչակման համար: Թանգարանի մի քանի սրահներում ներկայացված են Վարպետի ստեղծագործական տարբեր շրջանները՝ «թիֆլիսյան», «փարիզյան» և «երևանյան» շրջանները ներկայացնող գրաֆիկական, գեղանկարչական աշխատանքները, քանդակները, մանրակերտերը, կարևոր փաստաթղթեր, լուսանկարներ և այլ ուշագրավ նյութեր։

Այս տարի հունիսի 15-ին լրանում է Երվանդ Քոչարի ծննդյան 120-ամյա հոբելյանը:

Լոս- Անջելեսում վերջերս բացված մի ցուցահանդեսում առաջին անգամ անգլերեն մի շատ ուշագրավ գիրք է ներկայացվել, որը վերհանում է Քոչարի վիթխարի, վճռորոշ դերը անցյալ դարի երեսնականերին համաշխարհային կերպարվեստի զարգացման մեջ:

Կարինե Քոչար․ - «Առաջին անգամ հունգարերենից անգլերեն թարգմանությամբ տպագրվել է Շառլ Սիրատոյի դեմանսիոնիզմի պատմությունը, գրված [19]66 թվականին, որտեղ շատ գեղարվեստական, հրաշալի տեքստով նկարագրվում է այդ մանիֆեստի ստեղծման, ստորագրման ամբողջ գործընթացը, և երևում է, թե որքան կարևոր և նշանակալի դեր է խաղացել Քոչարը և՛ մանիֆեստի ստեղծման հարցում, և՛ բոլոր կետերում․․․ Մեր թանգարանում նույնպես ցուցադրվում է մանիֆեստի տեքստը»:

Հարցին, թե ինչ խնդիրներ ունի թանգարանը, տնօրենն արձագանքեց․ - «Տարածքը խայտառակ փոքր է: Մենք ունենք հնարավորություն, ունենք համարյա պատրաստի նախագիծ․․․ Եթե արդիականացման հարցը լուծվեր, հնարավոր էր էստեղ կազմակերպել միջազգային մակարդակի ցուցահանդեսներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG