Մատչելիության հղումներ

Փետրվարի 2-ին Վենեսուելայում վճռական հանրահավաք


Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն
ողջունում է զորավարժությունների մասնակից զինծառայողներին, Նագուանագուա, Կարաբոբոյի նահանգ, 27 հունվարի, 2019թ.
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունում է զորավարժությունների մասնակից զինծառայողներին, Նագուանագուա, Կարաբոբոյի նահանգ, 27 հունվարի, 2019թ.

Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն, ով իրեն հռչակել է միջանկյալ նախագահ և այդ կարգավիճակում ճանաչվել Միացյալ Նահանգների, Եվրամիության, Հարավային Ամերիկայի որոշ երկրների, ինչպես նաև Իսրայելի կողմից, հայտարարել է, թե հաջորդ շաբաթ օրը տեղի կունենա Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից զրկելու վճռական հանրահավաք:

«Փետրվարի 2-ին ամբողջ Վենեսուելայում և աշխարհում կլինի հզոր մոբիլիզացիա, ազգային և միջազգային մակարդակով մենք դուրս կգանք փողոցներ, այդ օրը ոչ միայն կողջունենք Եվրամիության կողմից մեզ սատարելու իրողությունը, այլև կվերահաստատենք մինչև փետրվարի 3-ը Նիկոլաս Մադուրոյին ներկայացված վերջնագիրը: Եվրամիությունը ոչ միայն աջակցում է մեր Ազգային ժողովին և մեր Սահմանադրությանը, այլև միջանկյալ նախագահին», - ասել է Գուայդոն:

Վենեսուելայի բանակի հրամանատարները վերջին օրերին հայտարարել են, որ հավատարիմ են օրինական նախագահ Մադուրոյին և նրան պաշտոնանկ անելու փորձերը «պետական հեղաշրջում» են համարում, մինչդեռ, անցած ուրբաթ օրը տեղի է ունեցել առաջին հայացքից լուրջ հետևանքներ չենթադրող, բայց բավական տպավորիչ տեղաշարժ:

Միացյալ Նահանգներում Վենեսուելայի ռազմական կցորդ, գնդապետ Սիլվա Սիլվան իր հավատարմությունն է հայտնել Խուան Գուայդոյին:

«Այստեղ՝ ԱՄՆ-ում Վենեսուելայի դեսպանատանը, որքան գիտեմ, ես դեռ միակն եմ, որ խզում է կապը Մադուրոյի հետ, Հյուսթոնում հյուպատոսարանի մի աշխատակից էլ ճանաչում է Գուիդոյի իշխանությունը, կա Մադուրոյին մերժող մի պաշտոնյա նաև մեկ ուրիշ հյուպատոսարանում», - ասել է գնդապետը:

Սիլվան հայրենիքում հնարավոր բախումների վտանգի առնչությամբ անհրաժեշտ է համարել դիմել Վենեսուելայի բանակին:

«Իմ ուղերձն է զինված ուժերին՝ չվնասեք ձեր ժողովրդին: Մեզ վարժել և զենք են տվել երկիրը պաշտպանելու համար, մեզ երբեք չեն ասել՝ ահա զենքդ, հարձակվիր ժողովրդիդ վրա, պաշտպանիր գործող կառավարությանը: Երբեք այդպես չեն սովորեցրել», - ասել է գնդապետը:

Միացյալ Նահանգները և Եվրոպական միությունը հզորացնում են ճնշումը Մադուրոյի վրա, սակայն վերջինս պնդում է, թե ոչ մի դեպքում չի զիջի: Նրան սատարում են Ռուսաստանը, Չինաստանը և մի շարք այլ երկրներ:

Հարավային Ամերիկայում ավանդաբար մեծ հեղինակություն վայելող կաթոլիկ եկեղեցին հանդարտության կոչով դիմել է Վենեսուելայի ժողովրդին:

«Շատ եմ մտածում Վենեսուելայի ժողովրդի մասին, խնդրում եմ Աստծոն օգնել Վենեսուելային գտնել արդար և խաղաղ լուծում, որը թույլ կտա հաղթահարել ճգնաժամը և ապահովել մարդու իրավունքները, բարին կբերի այս երկրին: Եկեք աղոթենք Վենեսուելայի համար», - ասել է հովվապետական այցով Պանամայում գտնվող Ֆրանցիսկոս պապը:

Ռուսաստանյան և արևմտյան մամուլում հրապարակվել է մի հաղորդագրություն, որի համաձայն Մադուրոյին պաշտպանելու համար ռուսաստանցի վարձկաններ են մեկնել Վենեսուելա:

Մոսկվան հրաժարվել է միանշանակ հերքել այդ հաղորդագրությունը:

«Վախի աչքերը մեծ են», - կեսհեգնական արձագանքել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG