Մատչելիության հղումներ

Զբոսավարները պնդում են, թե անհատ տաքսու վարորդները խաբում են զբոսաշրջիկներին


Մինչ մի շարք հեղինակավոր ամսագրեր ու բարձրաստիճան պաշտոնյաներ, մեջբերելով տարբեր վիճակագրական տվյալներ, պնդում են, թե Հայաստանը զբոսաշրջիկների համար ամենաապահով երկրների շարքում է, մի քանի տասնյակ զբոսավարներ անհանգստացած են՝ պնդելով, թե իրենց զբոսաշրջիկները հենց օդանավակայանում են խաբվում:

Զբոսավար Տաթևիկ Խորենյանին զբոսաշրջիկները պատմել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրենց են մոտեցել անհատ տաքսու վարորդներ, 30-60 հազար դրամ վերցրել քաղաքի կենտրոն տանելու համար ու նշել, թե այդ գումարի մեջ նաև Հայաստան մտնելու տուրքի վճարն է:

«Ազատության» հետ զրույցներում զբոսավարները նեղսրտում են, որ Հայաստան այցելած իրենց զբոսաշրջիկների գրառումները հետո տեսնում են տարբեր ֆորումներում ու ցավ ապրում, որ հիացական խոսքերից զատ նաև անհատ տաքսու վարորդներից են բողոքում:

Տաթևիկ Խորենյան․ - «Եղել են դեպքեր, որ ես ինչքան էլ տուրը արել եմ, վերջում ինձ ասում է՝ կներես, բայց ես չեմ սիրելու Հայաստանը: Ձեր երկիրը հիշելու եմ, որովհետև ինձ խաբել են»:

Զբոսավար Շուշան Մովսիսյանի խոսքով, օդանավակայանում աշխատող անհատ տաքսիների վարորդները շեղում են իրենց զբոսաշրջիկներին, առանձնացնում խմբից ու մի քանի անգամ բարձր գներով հասցնում հյուրանոց․ - «Երբ որ տուրիստը դուրս ա գալիս, հոթելի անուն ա տալիս: Ասում են՝ հա, գնացինք․․․»

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը չի կարծում, որ զբոսաշրջության սեզոնին միայն իրենք պետք է աշխատեն, բայց նշում է, որ գոնե իրենց տուրերից օգտվող հյուրերին տաքսու վարորդները պետք է հանգիստ թողնեն: Նրա համոզմամբ, այդ հարցը կարգավորման կարիք ունի, և այստեղ անելիք ունեն և՛ ոստիկանությունը, և՛ զբոսաշրջության կոմիտեն:

Զբոսավար Սամվել Գասարջյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե խնդիրը չի լուծվի, քանի դեռ օդանավակայանի ոստիկանները հատուկ վերաբերմունքի են արժանացնում անհատ տաքսիստներին:

Օդանավակայանում աշխատող ոստիկանները, չնկարահանվելու պայմանով, «Ազատությանը» ասացին, թե չի եղել այնպես, որ իրենք որևէ միջադեպ տեսնեն ու չմիջամտեն: Պնդեցին նաև, թե որևէ տաքսու վարորդ հատուկ վերաբերմունքի չի արժանանում:

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանն ասում է՝ դժգոհ զբոսավարները մեկը չեն, չեն երկուսը չեն, շուրջ 100 հոգի են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG