Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյան․ Բանակը պետք է լինի անբասիր, բանակում ծառայելը՝ մեծ պատիվ


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Բանակը պետք է լինի անբիծ, անբասիր, իսկ բանակում ծառայելը՝ ոչ միայն պարտականություն, այլև` մեծ պատիվ: Այս մասին հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը Բանակի օրվա առթիվ նախագահական նստավայրում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ իր ելույթում:

«Հպարտության խորին զգացումով այսօր միասին նշում ենք Բանակի օրը, որի առթիվ շնորհավորում եմ բոլորիս: Այն, ինչ այսօր զգում ենք այս մեծ տոնի առթիվ, առաջին հերթին հպարտությունն է, հպարտություն մեր անվտանգությունը և խաղաղությունը պաշտպանող բանակի հանդեպ», - ՀՀ նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ ասել է Արմեն Սարգսյանը:

Հայոց բանակի ծնունդը նմանեցնելով Վահագնի ծննդին՝ նախագահը նշել է․ - «Հայկական բանակը նույնպես ծնվեց երկունքի միջոցով, բարդ ու ծանր ժամանակներում, ծնվեց կրակից, անհրաժեշտաբար: Եվ ինչպես Վահագնը, նա նույնպես պայքարեց հանուն ազատության, հայրենիքի և հաղթանակի»:

«Մեր բանակը նվիրյալ կամավորի ու պրոֆեսիոնալ զինվորականի, շարքայինի ու հրամանատարի, պետական ու քաղաքական գործչի, մտավորականի ու աշխատավորի, հայաստանցու, արցախցու և սփյուռքահայի համատեղ ջանքի, ոգու և կամքի արդյունք է: Կարճ ժամանակում նա դարձավ ամենակազմակերպվածն ու մարտունակը տարածաշրջանում, և մենք ունեցանք բազում մեծ հաղթանակներ և լեգենդար հերոսներ», - ասել է Սարգսյանը՝ իր խորին երախտագիտությունը հայտնելով «բոլոր նրանց Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որոնց շնորհիվ ստեղծվեց, կայացավ ու հզորացավ մեր բանակը»:

«Խոնարհվում եմ այն մարդկանց հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքին, երկրին, մեր ժողովրդին ու բանակին», - նշել է Հայաստանի նախագահը:

«Նոր ժամանակների բանակը, որպես կյանքի ինքնատիպ դպրոց ու համալսարան, պետք է նաև դաստիարակի ժամանակի քաղաքացուն, մեր տղաներին ու աղջիկներին, կյանքի ուղեգիր տա նրանց», - ասել է Արմեն Սարգսյանը և շարունակել․ - «Բանակն իսկապես հասարակության հայելին է: Եվ եթե հասարակության, պետության մեջ քայլեր են ձեռնարկվում բացասական երևույթների վերացման, բացառման համար, ապա իհարկե այն իր արտացոլումը պետք է գտնի նախ և առաջ բանակում: Բանակը պետք է լինի անբիծ, անբասիր: Իսկ բանակում ծառայելը՝ ոչ միայն պարտականություն, այլև` մեծ պատիվ»:

«Բանակը ոչ միայն երկրի անվտանգության ու խաղաղության երաշխավորն է, այլև երկրի տնտեսության անբաժանելի մասը: Ընդ որում, նա ոչ միայն սպառող, այլև ստեղծող, իր հետևից տանող կառույց է: Բանակն արդյունաբերության ու գիտության համար թե՛ պատվիրատու է, թե՛ նրանց առաջընթացի մասնակից», - նշել է նախագահը: - «Ռազմարդյունաբերության ու գիտահետազոտական ոլորտի համար բանակն առաջադրում է խնդիրներ` ակնկալելով ժամանակակից ու նորարարական, նաև, հաճախ անսպասելի որոշումներ, որոնք պարտադիր չէ, որ լինեն արտատպումը կամ կրկնօրինակումն օտար լուծումների: Մենք ի վիճակի ենք խնդիրներին տալ մեր սեփական լուծումները: Ռազմարդյունաբերական շատ խնդիրների լուծումներ ժամանակի ընթացքում կիրառվում են քաղաքացիական կյանքում: Հետևաբար, բանակը խնդիր ունի մասնակցել ոչ միայն պաշտպանությանը, այլև երկրի տնտեսության զարգացմանը՝ սերտորեն համագործակցելով և՛ գիտական մարմինների, և՛ գործարար շրջանակների, և՛ բոլոր այն քաղաքացիների հետ, ովքեր ցանկություն ունեն իրենց ներդրումը բերել»:

Ապա Արմեն Սարգսյանը խոսել է մի նախաձեռնության մասին. - «Հանրապետության նախագահի ինստիտուտը, նախագահական կառույցը, համատեղ աշխատելով կառավարության, պաշտպանության նախարարության, նաև առողջապահության նախարարության հետ, առաջարկում է ծրագիր, որը կոչվում է «Հայրենիքի պաշտպան»: Ծրագիրն ուղղված է օժանդակելու այն անձանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը ծառայության ընթացքում և դրա պատճառով հաշմանդամություն են ձեռք բերել: Այդպիսի անձանց, հայրենասեր զավակների թիվը, ցավոք սրտի, քիչ չէ: Եվ իհարկե, այդ անձինք լիիրավ իրավունք ունեն ոչ միայն հարգվելու, սիրվելու, այլև՝ շարունակելու մասնակից դառնալ մեր հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքին: Հետևաբար, «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունը նպատակ ունի օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին, գտնել նրանց համար աշխատանք: Այսինքն, նախաձեռնությունը պետք է կապող օղակ լինի բանակում ծառայած, հաշմանդամություն ստացած անհատների, բանակի և մյուս կողմից պետական, հասարակական, բարեգործական կառույցների, բիզնեսի հետ»:

«Որպես օրինակ, մենք բարոյական պարտականություն ենք ստանձնել առաջիկայում Հանրապետության նախագահի աշխատակազմում աշխատանքի ընդունել մեր պանծալի զինվորներից երկու-երեք հոգու, ովքեր հաշմանդամություն ունեն: Նրանք գուցե և ֆիզիկական դժվարություններ ունեն այսօր, բայց նրանցից յուրաքանչյուրը պայծառ անձնավորություն է, և համապատասխան օգնության, կրթական ծրագրի միջոցով նրանք կարող են վերադառնալ լիարժեք կյանք, ոչ միայն թոշակ ստանալ, այլև իրենց ձեռքով լուծել իրենց առջև ծառացած խնդիրները՝ սկսած նյութականից մինչև անձնական կյանք: Եվ այդ ծրագրից մեր առաջին ծիծեռնակը, բազեն, ում ընդունել ենք աշխատանքի, Գոռ Դարմանյանն է, որը պատերազմի մասնակից է, հերոս, հաշմանդամ, ով այսօր աշխատում է Հանրապետության նախագահի աշխատակազմում», - ասել է նախագահը:

Բանակի օրվա առթիվ, Հայաստանի նախագահի հրամանագրերով` ծառայության ընթացքում ցուցաբերած խի­զա­խու­թյան և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով:

Զինված ուժերի շարքային զինծառայողներ Մհեր Հովսեփյանը, Արամ Ճաղարյանը և սերժանտ Հայկ Քարամյանը հետմահու արժանացել են Մարտական ծառայության մեդալի:

Արարողության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG