Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի գործում նախկին զինվորականների ներգրավումը «իհարկե ազդում է ԶՈւ տրամադրության վրա»․ Տոնոյան


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 28-ը հունվարի, 2019թ․
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 28-ը հունվարի, 2019թ․

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համոզմամբ՝ այն հանգամանքը, որ «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում նախկին բարձրաստիճան զինվորականներին մեղադրանքներ են առաջադրվել, ազդում է Զինված ուժերի տրամադրության վրա:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, արխիվ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Նշենք, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ֆեյսբուքյան իր էջում մանրամասն անդրադառնալով հույժ գաղտնի 0038 հրամանին և դրա շրջանակներում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացված մեղադրանքներին, գրել է․ - «Հեղինակազրկելով բանակի բարձրաստիճան հրամանատարությանը, վարկածներ հնարելով և շրջանառելով, որ բանակը կրակել է ժողովրդի վրա, փորձ է արվում սեպ խրել բանակի և ժողովրդի միջև»։ «Գուցե նպատակը «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստե՞լն» է», - հարց է տալիս Պաշտպանության նախկին նախարարը, ով, ի դեպ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ միասին մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման հոդվածով: 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Օհանյանը, սակայն, մեղադրանքը չի ընդունում, պնդելով՝ իր նկատմամբ անօրինականություններ են կատարվում:

Այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ «Քրեական գործերը, որոնք հարուցվել են, Զինված ուժերին արդյո՞ք հարվածում են, որովհետև դրա մասին ահազանգել է Սեյրան Օհանյանը: Մասնավորապես՝ «Մարտի 1»-ի գործի հետ կապված: Արդյո՞ք դրանք հարված են հասցնում Զինված ուժերին», Դավիթ Տոնոյանը արձագանքեց․ - «Իհարկե, տրամադրության վրա Զինված ուժերի դա ազդում է, բայց մենք, ինչպես ասացի, հաղթահարում ենք և անում ենք առավել քան»:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Մինչդեռ Ազգային ժողովի փոխնախագահ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը «աբսուրդ» է որակում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե այսօրվա իշխանությունները փորձում են սեպ խրել բանակի և ժողովրդի միջև: Սիմոնյանը շեշտում է՝ չի կարելի անձերին նույնացնել Հայաստանի բանակի հետ:

«Դա աբսուրդ հայտարարություն է: Այսինքն՝ եթե Միքայել Հարությունյանը կամ Ռոբերտ Քոչարյանը լինեին բժիշկ, դա կհամարվեր ոտնձգություն բժշկական հիմնարկությունների վրա, եթե լինեին, չգիտեմ, հրշեջ, պիտի հրշեջների՞ մասին մենք խոսեինք», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը՝ շարունակելով․ - «Այդ մարդկանց հետ կապված լուրջ կասկածներ և լուրջ մեղադրանքներ կան՝ կապված մարտի 1-ի գործողությունների հետ, որտեղ բանակը, ի դեպ, չպետք է ներգրավված լիներ: Խոսքը գնում է հենց հակառակի մասին՝ որ բանակի ներգրավվածություն ընդհանրապես պետք է չլիներ»:

Հակադարձելով Պաշտպանության նախկին նախարարի այն հարցադրմանը, որ գուցե բանակի բարձրաստիճան հրամանատարությանը հեղինակազրկելու միջոցով նպատակ ունեն ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել, Ազգային ժողովի փոխնախագահը շեշտում է՝ Օհանյանի այդ ակնարկը ծիծաղելի է․ - «Ինչ վերաբերում է խաղաղության ակնարկին առ այն, որ Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունները ինչ-որ բաներ են պայմանավորվում, նախապատրաստում, դա նույնպես ծիծաղելի է, որովհետև բազմիցս թե՛ իմ, թե՛ իմ գործընկերների, թե՛ վարչապետի կողմից հայտարարվել է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ինքնուրույն որոշում չեն կայացնելու, և եթե կլինի որոշում, որը որ իշխանությունները կգտնեն, որ քննարկման ենթակա է, այդ որոշումը կդրվի քննարկման, և Հայաստանի Հանրապետության և Արցախի ժողովուրդը կկայացնեն որոշում: Ուստի նման բոլոր պնդումները արվում են զուտ պաշտպանվելու և քաղաքական, էսպես ասած, երանգներ տալու հարցին»:

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 28-ը հունվարի, 2019թ․
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը զրուցում է լրագրողների հետ, Երևան, 28-ը հունվարի, 2019թ․

«Մարտի 1»-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքին այսօր անդրադարձավ Բանակի օրվա առթիվ Երևան ժամանած Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ուշագրավ է, որ Բալասանյանը այդ հոդվածը ծիծաղելի համարեց, պնդելով՝ բանակը չի մասնակցել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին:

«Գիտե՞ք, էդ սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է, այսինքն՝ ո՞նց եք բան անում՝ էսօր Նիկոլ Փաշինյանը ինքը սահմանադրական կարգը տապալի, որպեսզի ինքը նորից մնա վարչապետ: Այսինքն՝ սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որը իշխանության չէ, իշխանությունում գտնվող մարդը ինչի՞ է սահմանադրական կարգը տապալում», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բալասանյանը: «Բանակը նաև բերվել էր Երևան, մասնակցում էր ներքաղաքական գործընթացներին», - լրագրողի այս դիտարկմանը Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը արձագանքեց․ - «Բանակը ես չեմ տեսնում, որ էն ժամանակ մասնակցել է ներքաղաքական, միգուցե մասնակցել են ոմանք, բայց այդ հրամանները, ինչի մասին դուք, ժամանակ առ ժամանակ արծարծվում են, այդ հրամաններում այդպիսի բան չկա՝ 0038 հայտնի հրամանում: Հիմա ժամանակը կգա, բոլորդ կտեսնեք, կասեք՝ «ամոթ է մեզ, էս ինչի՞ պոչից»․․․ Այո, 0038 հրամանը՝ զորքը բերվել է զորանոցային իրավիճակի, որը ցանկացած երկրում կգնան դրան, <...> և զորքը չի մասնակցել ներքաղաքական հարցերին: Դուք զորք տեսել ե՞ք էն ժամանակ, որ կրակում էին»:

Դիտարկմանն էլ՝ «Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ասում էր, որ ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք ունենան», Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարը հակադարձեց․ - «Ամոթ է, ճիշտն ասած, չի կարելի էդպիսի բաներ ասել, և նամանավանդ էս վերջին ժամանակները մենք տեսնում ենք էդ զոհվածների ծնողներին, երբ որ տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելու համար էդ ընտանիքներին գցել են այդպիսի ծանր վիճակի մեջ: Ամոթ է մեզ, չի կարելի այդպիսի բաներ անել: Ի՞նչ է նշանակում՝ սպանել են, որպեսզի արտակարգ դրություն մտցնեն: Դուք գիտե՞ք, դրանք, ովքեր արտահայտում են էդ բառերը, կարճ ժամանակից հետո շատ փիս վիճակի մեջ են ընկնելու: Ես չեմ հավատում»:

Հարցին էլ՝ այսինքն, կարծում է, որ Քոչարյանը անհի՞մն է կալանավորվել, Բալասանյանը պատասխանեց․ - «Ժամանակները կգա, կտեսնեք, չեմ կարող ասել»:

Մինչդեռ, հիշեցնենք, «Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերը ներգրավված են եղել քաղաքական գործընթացներում, իսկ դրա համար այդ ժամանակվա Պաշտպանության նախարար, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Միքայել Հարությունյանը ստորագրել է Գերագույն գլխավոր հրամանատարի, այսինքն՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ հույժ գաղտնի 0038 հրամանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG