ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպումը, որի օրակարգում ռուսական նոր թևավոր հրթիռի հարցն է, ձախողվել է, ինչը սպառնալիք է Եվրոպայի համար: Այդ մասին այսօր ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Բանակցությունները տեղի են ունեցել Բրյուսելում:
Ստոլտենբերգի փոխանցմամբ, 1987 թվականին Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության ստորագրած փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման պայմանագիրը «լուրջ վտանգի տակ է, և, դժբախտաբար, առաջխաղացման որևէ ազդակ այս պահին չկա»:
Այդ պայմանագիրը համարվում է Եվրոպայի անվտանգության հիմնական երաշխիքներից մեկը, քանի որ սահմանափակում է միջուկային գրոհի հնարավորությունը:
Վաշինգթոնը պնդում է, որ Ռուսաստանի ստեղծած 9M729 թևավոր հրթիռի տեխնիկական տվյալները հակասում են պայմանագրի դրույթներին և Մոսկվայից պահանջում է կամ հրաժարվել այդ զինատեսակից կամ փոխել դրա պարամետրերը:
Նշված հրթիռ հայտնի է նաև SSC-8 անվամբ: Մոսկվան պնդում է, որ հրթիռը չի հակասում պայմանագրի պահանջներին:
Վաշինգթոնը սպառնացել է այս տարվա փետրվարի 2-ից սկսել պայմանագրից դուրս գալու 6 ամսվա պաշտոնական գործընթացն այն դեպքում, եթե եթե ռուսները չփոխեն իրենց դիրքորոշումը:
Ստոլտենբերգի հետ միասին այսօր ասուլիսին ներկա էր նաև Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ռուսաստանը դեռ ունի մեկ և կես տարի գործողությունները պայմանագրին համապատասխանեցնելու համար:
Դրանից հետո, ըստ Ստոլտենբերգի, «1987 թվականի պայմանագիրն այլևս ուժի մեջ չի լինի»: