Մատչելիության հղումներ

Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին


Նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին:

«Այս պահի դրությամբ որևէ նոր բան ասելու չունեմ, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, սպասենք ամսի 29-ին որոշումը կհրապարակվի», - նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գևորգյանը։

Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկում է գլխավոր դատախազությունը։

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) միջնորդել էր Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը, սակայն դեկտեմբերի 14-ին Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց միջնորդությունը։

Դեռ այս տարվա օգոստոսի 3-ին Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու համար և գործը միացվել էր «Մարտի 1»-ի գործին։ Ըստ ՀՔԾ-ի, 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Գևորգյանը ճնշում է գործադրել Սահմանադրական դատարանի դատավորի վրա, որպեսզի նա որոշում կայացնի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին։ Այս մեղադրանքի հետ կապված Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Դեկտեմբերի 11-ին Գևորգյանին 3 նոր մեղադրանք ներկայացվեց՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու հոդվածներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG