Մատչելիության հղումներ

ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովն ավարտվեց. Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատուրյանը


Հակոբ Տեր-Խաչատուրյան
Հակոբ Տեր-Խաչատուրյան

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հունվարի 16-ից գումարված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը երեկ՝ հունվարի 24-ին ավարտել է իր աշխատանքները։

Ըստ ՀՅԴ պաշտոնական կայքէջի, Ժողովն ընտրել է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ Բյուրո, իսկ ՀՅԴ Բյուրոն իր անդրանիկ նիստում Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրել Հակոբ Տեր-Խաչատուրյանին։

ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներն են՝ Արմեն Ռուստամյան՝ նախագահ, Վիգեն Բաղումյան, Արամ Գալուստյան, Վիգեն Յագուպյան, Յակոբ Խաչերյան, Արսեն Համբարձումյան, Կիրո Մանոյան, Բենիամին Պչաքճյան, Սպարտակ Սեյրանյան, Րաֆֆի Տոնապետյան, Հովսեփ Տեր-Գևորգյան, Մուրադ Փափազյան։

ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչը՝ Հրանտ Մարգարյանը, դեռ ժողովի մեկնարկին հայտարարել էր, որ իր թեկնածությունը չի դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ։

Ընդհանուր ժողովը նաև հայտարարություն է ընդունել, որում մասնավորապես ասված է․ - «Արցախի Հանրապետության Անկախության հռչակագրով և Սահմանադրությամբ ամրագրված Անկախ պետականության կարգավիճակն ու տարածքային ամբողջականությունն անսակարկելի են: Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկետներում կնքումը հրատապ անհրաժեշտություն է։ Աշխարհասփյուռ իր կառույցով, ՀՅԴաշնակցոթյունն անվերապահ աջակցություն է հայտնում Արցախի Հանրապետության իշխանություններին՝ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման հարցերում և հայտնում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու այդ հանձնառությունը»:

«Նկատի ունենալով վերջին ամիսներին Արցախի շուրջ բանակցությունների ակտիվացումը, այդ ընթացքում հակամարտության կողմերի և միջնորդների արված հայտարություններով ու քայլերով պայմանավորված մտահոգությունները, ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը արձանագրում է՝ բանակցությունները պետք է ընթանան Արցախի Հանրապետության իշխանությունների լիարժեք մասնակցությամբ, Հայաստանի իշխանությունները պարտավոր են միջազգային հարթակներում շարունակել հանդես գալ Արցախի անկախության և անվտանգության երաշխավորի հանձնառությամբ», - ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG