Մատչելիության հղումներ

ՊԵԿ նախագահը պնդում է՝ Yerevan.Today-ի «տեղեկատվությունը սուտ է, նման պարգևատրումներ հնարավոր չէ, որ լինեն»


ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան, արխիվ

Պետեկամուտների կոմիտեն այսօր պաշտոնապես արձագանքել է Yerevan.Today կայքի «ՊԵԿ-ի աստղաբաշխական պարգևատրումները» վերնագրով հոդվածին` նշելով. - «Հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և նման պարգևատրումների չափեր ՊԵԿ-ում չկան»։

Հարցին այսօր կառավարության ճեպազրույցում անդրադարձավ նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Ընդհանուր առմամբ տեղեկատվությունը սուտ է այն առումով, որ նման պարգևատրումներ հնարավոր չէ, որ լինեն, չկան այդպիսի պարգևատրումներ: Այդպիսի մեծ թվեր հնարավոր չեն», - հայտարարեց Անանյանը:

Երեկ Yerevan.Today-ը գրել էր, որ տարեվերջին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ստացել էր 8 մլն 55 հազար դրամ, նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ 9 մլն 60 հազար դրամ, աշխատակազմի ղեկավարի տեղակալը՝ 6 մլն 456 հազար դրամ, ՊԵԿ նախագահի տեղակալը՝ 6 մլն 6 հազար դրամ և այլն։

Անանյանը այսօր հայտնեց, որ չի կարող բացահայտել, թե տարվերջին ինքն ու կոմիտեի մյուս աշխատակիցները որքան գումար են ստացել, քանի որ դա անձնական տվյալների գաղտնիության իրավունքի խախտում է։ - «Մենք տեղեկատվության գաղտնիության պահպանման իրավական պարտականություն ունենք: Եկեք համբերությամբ զինվեք, երբ ես ներկայացնեմ իմ տարեկան եկամուտների հայտարարագիրը Էթիկայի հանձնաժողով, դուք այնտեղ կտեսնեք իմ բոլոր թվերը», - հավելեց նա:

Երեկ երեկոյան մեկ այլ լրատվամիջոցի հետ զրույցում Անանյանը, չշեշտելով, թե Yerevan.Today-ը հորինված կամ սուտ թվեր է հրապարակել, միայն նշել էր՝ ՊԵԿ-ում նման պարգևատրումներ գոյություն չունեն, պարզապես դեկտեմբեր ամսին վճարվել են նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, հավելավճարներ և պարգևատրումներ:

Այսօր Անանյանը խուսափեց ուղիղ պատասխանել հարցին, թե հերքո՞ւմ է արդյոք, որ հրապարակված թվերը իրականում տարեվերջին իր և ՊԵԿ աշխատակիցների ստացած բոլոր վճարումների ու աշխատավարձերի համագումարները չէին: - «Լրագրողը նաև ունի լրագրողական հետաքննություն իրականացնելու գործիք, և այդպիսի մշակույթ եթե ձևավորվի, դուք ոչ թե դրանք կպարզեք ավելի շատ հարցուպատասխանի միջոցով, այլ ձեր լրագրողական հետաքննության արդյունքներով: Հորդորում եմ, խնդրում եմ՝ եթե կարող եք, դա իրականացրեք», - ի պատասխան ասաց Անանյանը:

ՊԵկ նախագահը այսօր միայն մեկ հստակեցում մտցրեց. որքան է եղել մեկ անձի առավելագույն պարգևատրումը, հարցական թողնելով, թե որքան է եղել մեկ անձի առավելագույն հավելավճարը: Իսկ աշխատավարձերը հայտնի են օրենքով սահմանված համապատասխան բանաձևով: Օրինակ՝ ՊԵԿ նախագահի աշխատավարձը չի գերազանցում 800 հազար դրամը: - «Առձեռն վճարված պարգևատրման առավելագույն չափը կազմել է 1.5 միլիոն դրամ», - նշեց Անանյանը:

ՊԵԿ նախագահն ավելացրեց, որ ՊԵԿ-ում մեծ են կոռուպցիոն ռիսկերը, հետևաբար իր ղեկավարած կառույցն ունի ավելի մեծ պագևատրումներ վճարելու հնարավորություն։ Ըստ նրա՝ այս ավանդույթը վերացնելու փոխարեն անհրաժեշտ է այն ամրապնդել։

Մինչդեռ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի կարծիքով՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար պետք է նույն գումարներն ուղղել աշխատավարձերի բարձրացմանը՝ խուսափելով խորհրդային տարիներին սահմանված այսպես կոչված «պրեմիաների» համակարգից։

«Աշխատողները, ոչ այնքան բարձր աշխատավարձ ստանալով, միշտ մնում են պարգևավճարների հույսին ու դրանով ինչ֊որ չափով իրենց ցածր աշխատավարձով աշխատանքը կոմպենսացնելու հույսին, ու դա նաև հնարավորություն է տալիս, որպեսզի ընդունվեն բավականին ոչ թափանցիկ և սուբյեկտիվ որոշումներ և տեղի ունենան չարաշահումներ և ծանոթ-բարեկամ կանոնները գործեն», - կարծիք հայտնեց հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչը՝ ընդգծելով․ - «Կարծում եմ, որ այդ արատավոր պրակտիկան պարզապես պետք է արմատախիլ արվի և պետք է ամբողջությամբ վերանայվի վարձատրության համակարգը»:

Սոնա Այվազյանն, այնուամենայնիվ, հույս ունի, որ բարձրացված աղմուկից հետո մինչև տարեվերջ հարցն այնպես կկարգավորվի, որ և՛ աշխատանքի դիմողները կիմանան, թե որքան վարձատրություն ակնկալեն տվյալ համակարգում աշխատելու դեպքում, և՛ պարգևատրման չափանիշները մշակված կլինեն, և՛ հանրությունը տեղեկացված կլինի, թե հստակ որքան են վաստակում պետական պաշտոնյաները։ - «Շատ լավ է, որ այս խնդիրները վեր հանվեցին՝ որ ցածր աշխատավարձով չեն կարող աշխատել, որ չկան չափանիշներ, որ հայեցողական որոշումներ են ընդունվում, որ մարդիկ իրենք իրենց են պարգևատրում», - մեկնաբանեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG