Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հունվարի 24-ին այցելեց «Բարի մամա» բարեգործական կազմակերպության նորաբաց «Բարի տնակ» ներառական կենտրոն:
«Բարի մամա» կազմակերպության նպատակն է կանխարգելել հաշմանդամության պատճառով նորածիններին լքելու պրակտիկան, աջակցել մանկատան հաշմանդամություն ունեցող սաներին, նպաստել երեխաների և նրանց կենսաբանական ընտանիքների վերամիավորմանը։ Աջակցում են նաև այն մայրերին, որոնք ունեն հաշմանդամություն ունեցող երեխա և հայտնվում են դրսում։ «Բարի մամա» կազմակերպությունը գործում է բացառապես կամավորների նվիրատվության շնորհիվ։
Լրագրողները «Բարի տնակ» այցելության եկած Նունե Սարգսյանին հարցրեցին, թե արդյո՞ք երբևէ պետական աջակցություն կլինի այս կազմակերպությանը: Նախագահի տիկինն արձագանքեց․ - «Հուսով եմ հիմա՝ այսօրվանից սկսած, նրանց մասին ավելի շատ կազմակերպություններ և մասնավոր անձինք կիմանան և ինչքան հնարավոր է՝ նրանց կօգնեն ավելի բարելավելու այս գեղեցիկ բարեգործական հիմնարկը»:
«Ազատության» հարցին, թե ինչ քայլեր պետք է արվեն հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրման հարցում, Նախագահի տիկինն ասաց՝ պետք է մոտեցումը փոխվի հաշմանադամություն ունեցող անձանց հանդեպ։
«Կարևոր է որ մենք փոխենք մեր մոտեցումը այսպիսի մանուկների և անձանց հանդեպ: Նրանց գրկենք և ընդունենք մեր ամենօրյա կյանքի մեջ: Կարևորը մեր երկրում այսպիսի թերություն ունեցող անձանց և երեխաներին կրթություն տալն է», - կարծիք հայտնեց Նունե Սարգսյանը:
«Մենք մայրիկներով համախմբվեցինք»
«Չորս տարի առաջ հիվանդանոցում մի երեխայի էին թողել, որը չուներ ձեռքեր և այնպես ստացվեց, որ մենք մայրիկներով համախմբվեցինք, հետո իմացանք ևս մեկ երեխայի մասին, գնացինք մանկատուն..․ ու էսպես ստեղծվեց մեր «Բարի մամա» ՀԿ-ն», - պատմում է կազմակերպության ղեկավար Մարինա Ադուլյանը: - «Ցավոք Հայաստանում կա մեծ խնդիր, երբ երեխան ծնվում է հաշմանդամությամբ, ծնողները չգիտեն ինչ անեն այդ պահին, ոչ մի լավ խորհուրդ չեն լսում կողքից։ Կա խնդիր, որ բուժհաստատության անձնակազմը խորհուրդ է տալիս երեխաներին լքել, տանել մանկատուն։ Մենք պայքարում ենք դրա դեմ: Մենք 4 տարվա ընթացքում 105 երեխայի կարողացել ենք պահել ընտանիքում: Այս պահին 106-րդ դեպքի վրա ենք աշխատում և այսպիսի կենտրոնը շատ մեծ պահանջարկ ուներ, որովհետև մենք վարձում էինք բնակարաններ այդ մայրերի համար և չգիտեինք ինչ անել: Արդեն կկարողանանք մեր բոլոր նպատակները կենտրոնացնել մի տեղում»:
Հոգեբան Կարինե Գյուլխասյանը «Բարի տնակ»-ում հաշմանդամություն ունեցող երեխաների հետ է աշխատում։ Աշխատանքը բազմաբնույթ է. - «Շատ ծնողներ, կախված սոցիալական պայմաններից, ինչպես նաև հոգեբանական խնդիրներից, հրաժարվում են իրենց բալիկներից՝ հանձնում են մանկատուն։ Աշխատում ենք նաև այդ ծրագրով, որպեսզի ծնողները հնարավորություն ունենան հասկանալու՝ ինչ խնդիր ունի իրենց երեխան ու վերադարձնել երեխային ընտանիք կամ ավելի լավ ծրագիր կա՝ չթողնել, որպեսզի ծնողը այդ քայլին հասնի ու երեխային մանկատուն հանձնի»:
Օրեր առաջ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Ազատության» եթերում ասաց՝ այս կազմակերպությունն առանց պետական ֆինանսավորման, միայն քաղաքացիների շնորհիվ մեծ արդյունքների է հասել։ Պետական աջակցության դեպքում ևս հնարավոր կլինի տեսանելի աճ գրանցել։