ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին գրավոր տեղեկացրել է Սպիտակ տանը, որ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող հաջորդ շաբաթ Կոնգրեսում հնչեցնել իր ամենամյա ուղերձը երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Ավելի վաղ Փելոսին բանավոր էր խնդրել Թրամփին հետաձգել ելույթը՝ կառավարության մասնակի սառեցման պատճառով, ինչը, սակայն, Սպիտակ տան ղեկավարը մերժել էր:
Ավանդաբար Ներկայացուցիչների պալատն է համապատասխան բանաձև ընդունում ու նախագահին հրավիրում տարեկան հաշվետվություն ներկայացնելու: Փելոսին ի սկզբանե հրավիրել էր Թրամփին, հետո, սակայն, վերանայել է այդ որոշումը՝ պնդելով, թե նախագահի անվտանգությունը հնարավոր չէ ապահովել, «քանի դեռ ամերիկացի բոլոր պետծառայողները չեն վերադարձել աշխատանքի»:
Դոնալդ Թրամփի և ընդդիմության դիմակայությունը սկսվել է անցած տարեվերջից, երբ նախագահը պահանջեց 2019 թվականի բյուջեից 5,7 միլիարդ դոլար հատկացնել՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Դեմոկրատները կտրականապես մերժում են պահանջը, արդյունքում՝ այս տարվա բյուջեն մինչ օրս չի հաստատվել, կառավարության աշխատանքը մասնակի սառեցվել է՝ 800 հազար ամերիկացիներ դեկտեմբերի 22-ից աշխատավարձ չեն ստացել: